Լիբանանի Բհանին քաղաքում հրդեհել են փախստականների ճամբարը, որում բնակվում էր շուրջ 75 ընտանիք։
Ըստ Լիբանանի բանակի տարածած հայտարարության՝ շաբաթ օրը մի խումբ լիբանանցիների և սիրիացի աշխատողների միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում լիբանանցիներն օդ են կրակել, իսկ հետո՝ հրդեհել ճամբարի վրանները, ամբողջովին ոչնչացնելով դրանք։ Ավելի քան 370 մարդ ստիպված է եղել լքել ճամբարը, իսկ առնվազն 4 մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հայտարարությունում նշվում է 8 հոգու ձերբակալության մասին, որոնցից 2-ը լիբանանցի են, 6-ը՝ սիրիացի, բայց վեճի հանգամանքների մասին ոչինչ չի ասվում։ Համաձայն AFP-ի աղբյուրների՝ վիճաբանության պատճառների երկու վարկած կա։ Առաջինն այն է, որ վեճը սկսվել է, երբ սիրիացի աշխատողներն պահանջել են աշխատավարձ, որը լիբանանցիները հրաժարվել են վճարել, իսկ երկրորդը՝ որ վեճը սկսվել է սիրիացի մի կնոջ նկատմամբ արված ոտնձգությունից հետո։
Հիշեցնենք, որ նոյեմբերին շուրջ 270 փախստական լքել էին իրենց Լիբանանի մեկ այլ՝ Բշարե քաղաքը այն բանից հետո, երբ Սիրիայի մի քաղաքացի մեղադրվել էր լիբանանցու սպանության մեջ, ինչն առաջացրել էր լարվածության ու թշնամանքի մթնոլորտ։
Լիբանանում այս պահի դրությամբ ապրում է շուրջ 1․5 միլիոն սիրիացի, որից 1 միլիոնը ՄԱԿ-ի տվյալներով գրանցված է որպես փախստական։ Իշխանությունները կոչ են արել փախստականներին վերադառնալ Սիրիա, սակայն իրավապաշտպանական խմբերը պնդում են, որ պատերազմի մեջ գտնվող երկիրը դեռ ապահով չէ։