Home / Ազգային ժողով / Ազգային ժողովն ընդունեց Կուսակցությունների մասին նոր օրենքը

Ազգային ժողովն ընդունեց Կուսակցությունների մասին նոր օրենքը

Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը: Կողմ է քվեարկել 99, դեմ՝ 1 պատգամավոր։

Հիշեցնենք, որ ըստ այս փոփոխությունների կուսակցություն գրանցելը դյուրացվում է, իսկ գործունեություն ծավալելը բարդանում. խստացվում են ֆինանսավորման, հաշվետվողականության ու թափանցիկության պահանջներ։

Մասնավորապես՝ նախագծի համաձայն գործարարներին ու ընկերություններին, ինչպես նաև օտար երկրներին ու կազմակերպություններին թույլ չի տրվում գումար փոխանցել Հայաստանում գրանցված կուսակցություններին։

Փոփոխությունները նաև ներառում են կետ, ըստ որի՝ կուսակցությունների նկատմամբ ընթացիկ ֆինանսական վերահսկողությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Որպես թափանցիկության գրավական՝ սահմանվում է կուսակցությունների՝ բացառապես անկանխիկ ֆինանսավորումը:

Կուսակցություններին, սահմանված պահանջները խախտելու դեպքում, սպառնում է գործունեության դադարեցում։