Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Ղարաբաղ կատարած այցին՝ նախազգուշացրել է Հայաստանի պաշտոնյաներին չմեկնել Ղարաբաղ, նշելով, որ դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը։
«Թող չմոռանան պատերազմի մասին։ Այդ ուղևորություններին պետք է վերջ դրվի։ Նախազգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա»,-հայտարարել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվելու են, ինչի՞ համար են նման սադրիչ այցերը։ Այդ պատճառով բոլոր ուղևորություններին պետք է վերջ դրվի», – մասնավորապես նշել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ որևէ քաղաքացի, պաշտոնյա, կամ միջազգային կազմակերպություն, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ առանց Ադրբեջանի թույլտվության, զգուշացնելով, որ եթե ուղևորությունները կրկնվեն, ապա «պատասխանը կլինի շատ կոշտ»։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն «Интерфакс»-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական կողմի բողոքներին այն մասին, որ Այվազյանի այցը Ղարաբաղ նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է։
«Ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա», – նշել է ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, որ «Արա Այվազյանի «անօրինական» այցը Լեռնային Ղարաբաղ հակասում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած զինադադարի համաձայնագրին»
«Պաշտոնական Երևանի պարտավորությունների խախտումը սադրանք է։ Ներքին լսարանին ուղղված նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանի իրավիճակի նորմալացմանը», – նշել էր Աբդուլաևան, հավելելով, որ «Երևանը պետք է ընդունի տարածաշրջանի փոփոխությունները»։
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյան պաշտոնական այցով Ստեփանակերտ էր մեկնել հունվարի հինգին։