ԱՄՆ-ից Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած և Ավստրալիայում հայտնված աղավնուն մտադիր են սպանել։ Այս մասին հայտնել է «The Associated Press»-ը։ Որոշման պատճառը երկրի կարանտինային ծառայության երկյուղներն են։
Ավստրալական լրատվականներն ավելի վաղ հաղորդել էին, որ դեկտեմբերի 26-ին Մելբուռնի բնակիչ Քեվին Սելի-Բըրդը իր հողամասում գտել է ուժասպառ եղած աղավնուն։ Բնակչին հաջողվել է պարզել, որ քաղաքի արվարձաններում հայտնված թռչունը գրանցված է ԱՄՆ-ում, որտեղ նա հոկտեմբերի 29-ին աղավնիների մրցարշավի պետք է մասնակցեր, սակայն ավելի ուշ կորել էր: Փորձագետները կարծում են, որ աղավնին կարող էր Ավստրալիա հասած լինել բեռնատար նավով՝ հաղթահարելով շուրջ 13 հազար կիլոմետր:
Երկրի կարանտինային տեսչությունը կապվել է Սելի-Բըրդի հետ, խնդրելով նրան աղավնուն հանձնել իրենց, քանի որ թռչունը կարող է իր հետ հավանական նոր հիվանդություններ Ավստրալիա բերած լինել։ Բնակիչը պատասխանել է, որ թռչնին անգամ մոտենալ չի կարողանում, քանի որ նա շատ արագ փախչում է։ Տեսչությունն այժմ մտադիր է մասնագետ վարձել աղավնուն բռնելու համար, ինչից հետո նրան կոչնչացնեն։