ՈՒկրՈւկրաինական «Ընդդիմության հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը մտադիր է իմպիչմենտի գործընթաց սկսել երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ։ Պատճառը ռուսամետ հեռուստաալիքների նկատմամբ Զելենսկու սահմանած պատժամիջոցներն են։
Նախագահի որոշման մասին հայտնի է դարձել հունվարի 2-ի երեկոյան։ Պատժամիջոցները վերաբերում են «Новости 24 часа», «Новые коммуникации», телерадиокомпании «112-ТВ», «Лидер ТВ», «ТВ Выбор», «Ариадна ТВ» և «Новый формат ТВ» հեռուստաընկերություններին։ Բացի այդ՝ սանկցիաներ են սահմանվել նաև վերոնշյալ ընկերությունների ղեկավար, մեդիամենեջեր և «Ընդդիմության հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Տարաս Կոզակի նկատմամբ։ Նույն կուսակցությանն է անդամակցում նաև Վիկտոր Մեդվեդչուկը, ում անվան հետ էլ կապվում են հեռուստաալիքները։ Մեդվեդչուկի դստեր կնքահայրն է Վլադիմիր Պուտինը։
Սահմանափակումները ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործողությունների սահմանափակում, լիցենզիաների չեղարկում, մտավոր սեփականության իրավունքն այլ անձանց փոխանցելու արգելք, հեռուստահաղորդումների վերահեռարձակման կամ տարածման հետ կապված ծառայությունների դադարեցում և այլն։ Սահմանափակումները դրվել են 5 տարի ժամկետով։
Զելենսկու գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ այդ հեռուստաալիքներն ակտիվորեն օգտագործվում են որպես Ուկրաինայի ներսում օտարերկրյա քարոզչության գործիք և հավելել, որ այս որոշումը հարցեր չի առաջացնի որևէ մեկի մոտ, ով կարող է վերլուծել Ռուսաստանի ակտիվությունն ուկրաինական մեդիադաշտում։
«Ուկրաինան վստահորեն աջակցում է խոսքի ազատությանը, բայց ոչ քարոզչությանը, որը ֆինանսավորվում է ագրեսոր երկրի կողմից Անկախության համար պայքարը պայքար է տեղեկատվական պատերազմում՝ հանուն ճշմարտության և եվրոպական արժեքների» ,- գրել է Զելենսկին իր թվիթերյան էջում։
«Ընդդիմության հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Վադիմ Ռոբինովիչը նախագահին մեղադրել է մարդկանց կոմունալ ծառայությունների սակագների, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության, բժշկական համակարգի փլուզման և այլ խնդիրների մասին մարդկանց «ճշմարտությունը պատմողների բերանը փակելու» ցանկության մեջ և հայտարարել իմպիչմենտի ընթացակարգ նախաձեռնելու մասին։
Վերջին շրջանում երկրում կոմունալ, այդ թվում՝ գազի, տաք ջրի և ջեռուցման ծառայությունների սակագներն աճել են։ Սրա հետ կապված տեղի են ունեցել բողոքի ցույցեր, փակվել ավտոճանապարհներ։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր «հետախուզական մեծամասշտաբ ցանցի» գաղտնազերծման մասին, որը «Telegram»-ի ալիքների միջոցով «հետախուզական և դիվերսիոն գործողություններով էր զբաղվում» ռուսական հատուկ ծառայությունների համար։ Այդ ցուցակում էին հայտնվել հանրահայտ ուկրաինական ալիքներ։ Ըստ ՈՒԱԾ հայտարարության՝ հայտնաբերված բոլոր 12 ալիքները վարում «Антимайдан»-ի ցույցերին մասնակցած Օդեսայի մի բնակիչ, ով կատարված աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնում ռուս համակարգողներին և համաձայնեցնում պատվերով նյութերի տեղադրումը»