Home / Հայաստան / Մարալիկի համայնքապետը մեղադրվում է հափշտակության մեջ

Մարալիկի համայնքապետը մեղադրվում է հափշտակության մեջ

Մարալիկ համայնքի (2017 թվականից՝ խոշորացված Անի համայնքի) ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, հաղորդել է Գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչությունն ապացույցներ է ձեռք բերել, որ Գևորգյանը 2012 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հաստատել է համայնքապետարանում որպես հավաքարար գրանցված մարդու աշխատավարձերի տեղեկագրերը, հաստատապես տեղյակ լինելով, որ աշխատակիցն այդ ընթացքում ոչ միայն աշխատանքի չի եկել, այլ նաև առհասարակ չի գտնվել Հայաստանում։

Արդյունքում համայնքապետը հափշտակել է այդ օրերի դիմաց հավաքարարի անվամբ որպես աշխատավարձ հաշվարկված և ելքագրված գումարը:

Ապացույյցներ են ձեռք բերվել նաև, որ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Գևորգյանը , առանց հարցը Մարալիկ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու՝ որոշում է կայացրել Մարալիկի Դերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով իր բարեկամուհուն հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու մասին: Այնուհետև, 2012 թվականի հուլիսի 4-ին, նա որոշում է կայացրել նույն բնակարանը երբևէ դրանում չբնակված իր բարեկամուհուն նվիրաբերության եղանակով հատկացնելու մասին։ Բնակարանն այսպիսով օտարվել է Գևորգյանի բարեկամուհուն, ով, չնայած վարձակալ լինելուն, այնտեղ երբևէ չի ապրել։

Այս արարքների համար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահելը):

Քրեական գործը հարուցվել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին։ Նախաքննությունը շարունակվում է։