Home / Եկեղեցի / Ղրիմում շարունակում են ճնշել մահմեդականներին

Ղրիմում շարունակում են ճնշել մահմեդականներին

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում տեղի մահմեդականների բնակարաններում, գրում է «Էխո կավկազան»։

Խուզարկության ենթարկվածներից հինգին ավելի ուշ տեղափոխել են Սիմֆերոպոլում գտնվող ԱԴԾ բաժանմունք։

«Ղրիմյան սոլիդարություն» շարժման ակտիվիստների փոխանցմամբ, ԱԴԾ թեժ գծից հայտնել են, որ խուզարկությունները քրեական գործի շրջանակներում են։ Քննչական գործողությունների իրականացման վայրերում գտնվողներին իրավապահներն ասել են, որ խոսքը ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու հոդվածի մասին է։

Երեկ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտարարել էին, որ Ղրիմում և Թաթարստանում բերման են ենթարկել մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման մեջ։

Ուժային կառույցի ներկայացուցիչները, մասնավորապես, այցելել են Էրնեստ Իբրահիմովին, ով ավելի քան 10 տարի որպես խոհարար աշխատում է «Սալաչիկ» սրճարանում։ Սրճարանի սեփականատերը՝ Մարլեն Ասանովը, անազատության մեջ է․ նրան 19 տարվա խիստ ռեժիմով կալանքի են դատապարտել  «Խիզբ ութ֊Թահրիրի» գործով։

Իբրահիմովը նաև անդամակցում է «Ղրիմյան մանկություն» ակտիվիստական նախագծին, որը զբաղվում է Ղրիմի բռնակցումից հետո քաղաքական մոտիվներով ազատազրկված անձանց երեխաների իրավունքների պաշտպանությամբ։

Խուզարկություններ են իրականացվել նաև Ազամաթ Էյուպովի բնակարանում։ Վերջինս Ղրիմի թաթարների կազմակերպած բողոքի ակցիաների մշտական կազմակերպիչներից է։ 2019 թվականի հուլիսին մասնակցել է Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված հանրահավաքին։ Որպես ունկնդիր ներկա է գտնվել Ղրիմի մահմեդականների դեմ հարուցված գրեթե բոլոր քրեական գործերի դատական լսումներին։

2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ավելի քան հարյուր մահմեդական թաթարներ քրեական հետապնդման են ենթարկվել «Խիզբ ութ֊Թահրիր» կրոնական շարժման հետ որևէ տեսակի առնչություն ունենալու մեղադրանքով։ Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը 2003 թվականին «Խիզբ ութ-Թահրիրը» ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Ուկրաինայում և Եվրոպական գրեթե բոլոր երկրներներում խմբավորման գործունեությունն օրինական է համարվում։