Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ հաղորդագրության համաձայն, Տարոն Մարգարյանը (2009-2011 թվականներին զբաղեցրել է Երևանի առաջին փոխքաղաքապետի, իսկ 2011-2018-ին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը), 2011 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
«Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ», – նշում է Քննչական կոմիտեն:
Ըստ կառույցի, վերջինիս հանձնարարությամբ 2011-ին Երևանի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն։
Այնուհետև՝ 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ-ն քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ՝ նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014 թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ՝ ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Հետագայում, 575 քմ. և 863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է: