Ամերիկացի գիտնականների կողմից ստեղծված ռոբոտը երեկ հաջողությամբ հասել է Մարս։
«Հաստատակամություն» կոչվող ռովերի ստեղծման նպատակը Երկիր մոլորակից անդին կյանքի հնարավորության ուսումնասիրությունն է։
Սա երրորդ ռովերն է, որ որ վերջին մեկ ամսվա ընթացքում հասել է կարմիր մոլորակ։ «Հաստատակամությունից» առաջ ԱՄԷ-ի կողմից ստեղծված «Հույսը» և չինական «Թիանվեն-1»-ը ևս հայտնվել էին Մարսի ուղեծրում։
Մինչ NASA-ի գիտնականներն իրենց շունչը պահած դիտում էին հեռարձակումն ու հույսով սպասում, որ ռովերը վայրէջք կկատարի Մարսի վրա, կարմիր մոլորակում նրա ճակատագիրն արդեն որոշված էր։ Մարսն այս պահին գտնվում է մեր մոլորակից ավելի քան 200 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Ռադիոազդանշանները Մարսից Երկիր են հասնում մոտ 11 րոպեում։ Սա նշանակում է, որ երբ NASA-ում ազդարարվեց, որ վայրէջքը սկսվել է, ռովերն արդեն չորս րոպե գտնվում էր «հարևան» մոլորակի մակերևույթին։
Ռովերի հետ Մարս է ուղարկվել նաև ուղղաթիռ։ NASA-ն մտադիր է պատմության մեջ առաջին անգամ ուղղաթիռի վերահսկվող թռիչք իրականացնել այլ մոլորակի վրա։ Հաշվի առնելով օդի ճնշումն ու ձգողականությունը կարմիր մոլորակում՝ սա հեշտ գործ չէ, սակայն հաջողությամբ պսակվելու դեպքում Մարսի մակերևույթն ուսումնասիրելու տեսանկյունից այն իսկապես լայն հնարավորություններ կընձեռի։
Բուն ռովերը պետք է, այսպես ասած, «հետևի ջրին»։ Չնայած Մարսի մակերևույթը հիմա չոր է, մոլորակի վրա կան գետերի և լճերի հետքեր, որ հոսել են նախկինում։ Գիտնականները կասկածում են, որ հենց այդ տեղերում կարող է կյանք եղած լինել։ Ռովերը պետք է գետին հետևելով հասնի Ջեզերո կոչվող խառնարանին և քարերի և հողի նմուշներ վերցնի՝ հետագա ուսումնասիրության համար։