Home / Հայաստան / Մեղրիի ղեկավարը չարաշահել է պաշտոնը․ դատախազություն

Մեղրիի ղեկավարը չարաշահել է պաշտոնը․ դատախազություն

Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ 2007 թվականին Ագարակ քաղաքի բնակիչը տարեկան 18 000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել այդ համայնքում գտնվող, արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը։ Տարածքն այնուհետև համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսական 50 000 դրամ (տարեկան 600 000 դրամ) վարձավճարով, և ընկերությունը տարածքի վրա ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանը՝ տեղյակ լինելով, որ վարձակալության վճարը բազմակի գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը չի օգտագործվում իր գործառնական նշանակությամբ, 2009 թ. ապրիլի 1-ին համայնքի անունից բնակչի հետ կնքել է համաձայնագիր, որով վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18 000 դրամի փոխարեն սահմանվել է 300 000 դրամ: Իսկ 2011 թ․ հուլիսի 27-ին նա բնակչին երկրում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանելու որոշում է կայացրել՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Արդյունքում՝ 2008 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 դրամ։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Մխիթար Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացնում է ծանր հետևանքներ)։