Կորոնավիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբում ներառված մարդկանց համար լինելու է անվճար, մնացածի համար՝ վճարովի։ Բոլոր դեպքերում այն կրելու է կամավոր բնույթ։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որոշակի դեպքերում, որոշակի ռիսկի խմբերի համար թեստավորումը պետությունն իր հաշվին իրականացրեց, բայց նաև լինում են դեպքեր, երբ անձինք մասնավոր հիմքունքներով հանձնում են թեստեր, նույն տրամաբանությամբ կլինի նաև պատվաստումը», – ասել է նախարարը։
Ըստ նրա՝ փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են, առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։
Թե որքա՞ն կարժենը պատվաստումը՝ նախարարը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը պատվաստվելու հնարավորություն կունենա: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։
Նշվել էր, որ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Բանակցություններ են ընթանում նաև ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։
«AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։