Մարտ ամսից ղարաբաղցիները կստանան 4-ամսյա դրամական աջակցություն՝ 68 հազար դրամի չափով։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնել է Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Աջակցությունը կստանան Ղարաբաղում հաշվառված բոլոր քաղաքացիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, որոնք չունեն հաշմանդամության խումբ։
«Աջակցության տրամադրումը բաժանված է երկու մասի: Կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անհրաժեշտություն չեն ունենա դիմում գրելու, նրանք իրենց աջակցությունը կստանան Արցախի սոցապնախարարության կողմից տրամադրվող կենսաթոշակների հետ համատեղ: Մյուս քաղաքացիները փետրվարի 25-ից հնարավորություն կունենան էլեկտրոնային կարգով դիմում ներկայացնել և մարտի 15-ից վճարումները կստանան», – նշել է նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Առաքելյանի խոսքով՝ Արցախի միջին վիճակագրական ընտանիքի համար այս աջակցությունը կկազմի մոտ 320 հազար դրամ, եթե դրան գումարենք աջակցության մյուս միջոցառումները, որոնք իրականացվում են Արցախի կառավարության կողմից, աջակցությունն անհամեմատ ավելի մեծ է:
4 ամսվա համար նախատեսված է ընդհանուր 30 մլրդ դրամ բյուջե։
Կառավարության առաջին միջոցառումից, որով նախատեսվում էր 68 հազար դրամի չափով միանվագ աջակցություն տրամադրել բոլոր արցախցիներին, մոտ 100 հազար քաղաքացի է օգտվել։ Դրանից բացի՝ մոտ 35 հազար տեղահանվածներ ստացել են 300 հազարական դրամի աջակցություն, նշել է նախարարը։
Հայաստանի կառավարությունը արցախահայերի համար 20 միջոցառում է հաստատել, որոնց մի մասը կատարվել է, մյուս մասը կատարման ընթացքում է: