Home / Ազգային ժողով / «Եթե կարող եք, ներեք մեզ մեր սխալները»․ հանրահավաք և երթ Երևանում

«Եթե կարող եք, ներեք մեզ մեր սխալները»․ հանրահավաք և երթ Երևանում

 

արտահերթ ընտրություններ, նոր Սահմանադրություն, ժողովրդի իշխանություն.Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է գնալ արտահերթ պարլամենտական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից:

Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում նա ասել է նաև, որ իր թիմը համոզված է, որ ժողովուրդը իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն։

Նա ասել է նաև, որ ընդդիմադիրները օգտագործել են բոլոր հնարավորությունները հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը: «Նրանք չկարողացան դա անել, ես տալիս եմ երկրորդ հնարավորութփյունը և նետում եմ այս մարտահրավերը, եկեք գնանք ժողովրդի առջև նոր ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը»։

ընտրություններով եկած իշխանություն

Փաշինյանը հավելեց, որ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի. «Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պետք է հաղթեք»:

«Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ ընդհակառակը պետք է ուժեղանա: Այսինքն՝ Հայաստանում միայն ժողովուրդը պետք է որոշի ով լինի իշխանություն և ով չլինի: Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է, ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել և մենք Հրապարակում հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու»,- ասել է Փաշինյանը։

սահմանադրության փոփոխություն

Վարչապետը հանրահավաքի ընթացքում արձանագրել է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց է դրել բազմաթիվ թերություններ:

«Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, Հայաստանի նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»։

Ըստ նրա, Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում քվեարկության միջոցով: «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ կառավարություն, Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության նախագահ, քաղաքական ուժեր, աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում խորհրդակցությունների և քվեարկության արդյունքում: Սա մի աշխատանք է, որ պիտի անենք», – ասել է նա:

վարչապետը համոզված է, որ «սերժական» գեներալը կարմիր գծեր չի հատել

Մարտի մեկի գործն, ըստ էության, բացահայտված է, հայտարարել է այսօր հրավիրված հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի մեկի գործը, եթե սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն այն է, որ ճիշտ է` կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի են ունեցել, բացահայտված են, և դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում»:

2008 թվականին իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, և այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ, ասել է նախկին քաղբանտարկյալ Փաշինյանը:

Բանակային ղեկավարության հակասահմանադրական վարքագիծը ակտուալ է նաև Մարտի 1-ից 13 տարի անց։ Ելույթի մի հատվածը վարչապետը նվիրեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի վերջին հայտարարությանը, որում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և մի խումբ զինվորականներ պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։ Ինքը` Փաշինյանը դա որակել էր ռազմական հեղաշրջման փորձ, նախագահին ներկայացրել առաջարկ՝ Գասպարյանին պաշտոնից հեռացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանն այդ առաջարկը վերապահումներով հետ էր ուղարկել վարչապետին, իսկ վարչապետը նորից ուղարկել է նախագահին:

Այսօր Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե այն Գլխավոր շտաբի պետը, որը անում է քաղաքական հայտարարություններ, պետք է հեռանա.

– Ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների` Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ:

Այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա, փառք Աստծո, այսօրվա դրությամբ, Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել և ես հույս եմ հայտնում, որ չեն էլ հատի, բայց անխուսափելիորեն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Կապ չունի` ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել, որոշումն այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսը սկսելու կայացրել է Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել հրամանով: Երբ որ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է: