Home / Առողջապահություն / Նախկին ղարաբաղցիներն էլ փախստական չեն, բայց վերադառնալու տեղ չունեն

Նախկին ղարաբաղցիներն էլ փախստական չեն, բայց վերադառնալու տեղ չունեն

90-ականներին ռազմական գործողությունների արդյունքում փախստական դարձան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։ Նրանց համար նախ վրանային ճամբարներ բացեցին, ապա սկսեցին գյուղեր և բնակարանային համալիրներ կառուցել։ Չնայած դրան շատերը մինչ օրս ապրում են նախկին հանրակացարանների, դպրոցների, մանկապարտեզների կիսաքանդ շենքերում կամ նույնիսկ վագոններում՝ տարիներ շարունակ սպասելով պատշաճ կացարան ստանալու իրենց հերթին։

Meydan TV-ի ռեպորտաժը ցույց է տալիս, որ անցյալ տարի տեղի ունեցած վերադարձն այն հողերի, որտեղից ադրբեջանցիները ժամանակին վտարվել էին, չի վերադարձրել իրենց՝ շուրջ երեք տասնամյակ ձգվող կացարանային հարցի լուծման հույսը։

2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցավ Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, ինչպես նաև դրա հարակից շրջանները։ Այդ տարածքները ժամանակին լքած փախստականները կարող են վերադառնալ իրենց մայրենի հող։

Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց վերադարձված տարածքներում գրանցված փախստականների և բռնի տեղահանված քաղաքացիների կարգավիճակի չեղարկման մասին։ Նա հայտնեց, որ այդ տարածքներում վերականգնողական աշխատանքներ են սկսվել, որպեսզի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց հարազատ վայրեր։ Վերադարձը կամավոր կլինի, սակայն եթե մանկապարտեզների կամ հանրակացարանների շենքերում ապաստանած փախստականներին նախկինում աստիճանաբար նոր բնակարաններ էին տրամադրում, ապա հիմա իրենց համար կացարաններ կստեղծվեն միայն Ղարաբաղի տարածքներում։

«Ես գիտեմ, որ նրանք երկար տարիներ սպասել են այդ բնակարաններին, բայց հիմա իրենց հողերն ազատագրված են, այդ իսկ պատճառով բացարձակապես անտրամաբանական է նախկին փախստականներին կամ տեղահանվածներին բնակեցնել Բաքվում, Գյանջայում կամ Սումգայիթում։։ Ճիշտ որոշում կլինի նրանց համար նախատեսված բնակարանները տալ պատերազմում զոհվածների ընտանիքներին»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Ղարաբաղ վերադառնալ փախստականները դեռ երկար չեն կարողանա։ Անհրաժեշտ է նախ այդ տարածքներն ականազերծել ու բնակության համար պիտանի դարձնել։ Սա նշանակում է, որ հարյուր հազարավոր մարդիկ դատապարտված են առնվազն 5 տարի ապրել նույն ծանր պայմաններում։ 

«Ես երկու տղա ու մի աղջիկ ունեմ։ Տղերքս ամուսնացած են, ամեն մեկը երկու երեխա ունի։ Եվ մենք՝ 10 հոգով, իսկ ամուսնուս մահից հետո՝ 9, ապրում ենք մի նեղ սենյակում, այն վարագույրներով երեք մասի բաժանելով։ Գազ էլ չունենք»,- ասում է Աղդամի փախստական Մարիամ Մամեդովան։

Ինչպես և իրենց համերկրացիների մեծ մասը, Մամեդովների ընտանիքը ստիպված է եղել լքել իրենց տունը 1993 թվականին՝ Աղդամի շրջանի գրավումից հետո։ Նրանք վերադառնալու հույսով շուրջ 3 տարի մոտակա գյուղերից մեկում են ապրել, իսկ 1995-ին տեղափոխվել են Բաքու և մինչ օրս ապրում են հանրակացարանում։ Երբ նրանց զանգահարեցին Փախստականների հարցով զբաղվող պետական կոմիտեից ու հարցրին՝ արդյոք կուզեն հետ վերադառնալ, թե՛ Մամեդովան և թե՛ նրա տղաները համաձայնեցին։

«Մենք բնակարան ստանալու հերթի մեջ էինք, դեկտեմբերին պետք է տեղավորվեինք։ Երբ պատերազմը սկսվեց, մենք, հանրակացարաններում ապրող հարևաններով, որոշեցինք հրաժարվել այդ բնակարաններից․ թող դրանք զոհվածների ու վետերանների ընտանիքներին տան, իսկ մենք հայրենիք են ուզում վերադառնալ։ Բայց այ հիմա չգիտենք, թե դա ինչքան կձգվի։ Լավ կլիներ՝ գոնե մի երկու-երեք տարի։ Ընդհանուր ջուր, ընդհանուր բաղնիք ու զուգարան, որոնց դիմաց շաբաթ-կիրակի օրերին հերթ է կուտակվում․․․ Շատ դժվար է։ Լավ կլիներ, եթե մեզ գոնե ժամանակավորապես նոր բնակարանում տեղավորեին։ Իսկ հետո, երբ հնարավոր լինի Աղդամ վերադառնալ, կգնանք։ Երեք ընտանիք մի սենյակում․․ ախր ձև չի։ Թող գոնե մեկին տեղափոխեն»,- պատմում է Մարիամ Մամեդովան։

Ֆիզուլիի շրջանից փախստական, բուժքույր Վալիդա Յուսիֆովայի ընտանիքը ևս պետք է անցյալ տարվա դեկտեմբերին նոր բնակարան տեղափոխվեր։ Հիմա՝ մինչև հարազատ գյուղ վերադառնալը, ամուսնու հետ կմնան հանրակացարանում։

«Այս հանրակացարանում մենք ապրում ենք 1994 թվականի օգոստոսի 15-ից։ Այժմ ամուսնուս հետ եմ ապրում։ Որդիս չդիմացավ գարշահոտությանը, տուն վարձեց, գնաց։ Սկզբում այստեղ բացի քարե շարվածքից ոչինչ չկար, մնացած ամեն ինչ մենք ենք սարքել։ Գազ էլ երբեք չի եղել։ Միայն լույս։ Էլեկտրական վառարան ենք օգտագործում։ Լավ է գոնե կոմունալ ծառայությունների համար պետությունն է վճարում։ Մենք հլը մի կերպ տնավորվել ենք, լոգասենյակ ու զուգարան ունենք։ Վերևի հարկերում ավելի վատ վիճակ է», – պատմում է Վալդա Յուսիֆովան։

Նա այն մարդկանց թվում է, ովքեր համաձայնել են վերադառնալ․ «Մենք այստեղ տուն չունենք, ինչո՞ւ հետ չգնանք։ Ընդհանրապես, շատերն են ուզում վերադառնալ։ Ո՞վ կցանկանա նման պայմաններում մնալ։ Բայց, կարծում եմ, 3-4 տարի կպահանջվի, կամ նույնիսկ 7»։

Իրավապաշտպան Անար Մամեդլիի կարծիքով, կառավարությունն այս հարցում պետք է առաջնորդվի մասնակցության սկզբունքով ու հաշվի առնի տարհանվածների ցանկությունները։ «Դեռևս ընթացիկ վիճակի մասին մենք պատահաբար ենք իմանում՝ նախագահի կամ այլ պաշտոնյաների հայտարարություններից։ Բայց այդ տարածքները պետք է այնպես վերականգնվեն, որ մարդիկ այնտեղ ապրելու ցանկություն ունենան», – ասում է Մամեդլին, ով ինքն էլ նախկինում բռնի տեղահանվածի կարգավիճակ ուներ։

Իրավապաշտպանը կարծում է, որ կառավարության ձեռնարկած գործողություններում այժմ ավել շատ շտապողականություն է նկատվում, քան հստակ նախագիծ։

Բաքվի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ավելի քան 80 տոկոսը դեռևս վտանգավոր են համարվում․ ականապատ տարածքների լիարժեք վնասազերծման համար 3-5 տարի ժամանակ կարող է պահանջվել։

«Եթե առաջիկա 10 տարիների ընթացում այնտեղ ապրելու նորմալ պայմաններ չեն ստեղծվելու, ապա հիմա փախստականներին ասելը՝ գնացեք այստեղից, այստեղ ձեզ ապրելու տեղ չեն տալու, միանգամայն սխալ մոտեցում է», — կարծում է իրավապաշտպանը։

Փախստական Նաիլյա Զամանովը, ով ապրում է հին հանրակացարանի կիսափլուզված շենքում, իշխանություններից խնդրում է «ցանկացած տեսակի ապրելու տեղ» ապահովել իր համար՝ մինչև հայրենի հողեր վերադառնալը․ «Ինչքան ժամանակ է պահանջվելու [հետպատերազմական տարածքները բնակելի դարձնելու համար]՝ երկու, երեք տարի՞։ Գուցե չապրենք էլ այդքան։ Այստեղի մեր վերապրած տառապանքներից հետո այնտեղ երևի միայն հուղարկավորեն մեզ…»։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, փախստականների և բռնի տեղահանվածների թիվը 1.2 միլիոն է, այսինքն՝ Ադրբեջանի բնակչության 12,4 տոկոսը։