Գիտական և գիտատեխնիկական ծրագրերի ֆինանսավորումն ավելացվում է 2 միլիարդ 784 միլիոն 565 հազար դրամով։ Որոշումը, որով նախատեսվում է վերաբաշխել 2021 թվականի պետբյուջեի միջոցները, ընդունվեց Կառավարության այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում։
Ավելացված միջոցները, ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ)։
«Սրա միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտությունների լիարժեք հենքը, որը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանը, ինչը կրևոր է տնտեսության զարգացման համար», – նշեց փոխնախարարը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցներով․
— ավելացվելու է պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը՝ շուրջ 50-ով։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորներ՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։
— գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրերի քանակն ավելացվելու է շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողի (հիմնական՝ հետազոտող) կողմից նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը:
— նախատեսվում է իրականացնել նաև առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ շուրջ 50 դրամաշնորհ։ Մրցույթի իրականացումը հնրավորություն կտա ավելի էֆեկտիվ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։
— նախատեսվում է ավելացնել երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը՝ շուրջ 10-ով, որոնք «ուղղված են լինելու հանրապետության անվտանգության եւ պաշտպանունականության մակարդակի բարձրացմանը»:
— նախատեսվում է ավելացնել կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի քանակը՝ շուրջ 10-ով, որը հնարավորություն է տալիս գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաեւ մրցույթի շահառուների շարքում ընդգրկել նաեւ ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը նպաստում է գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների ավելացմանը:
«Հայաստանում շատ երկար ժամանակ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման եւ դա մեր կառավարության օրակարգում է եղել: Այս թեմայով տասնյակ քննարկումներ ենք ունեցել։ Քննարկման թեման հետեւյալն է. որեւէ տեղում գումար ավելացնելը ամենեւին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի: Շատ կարեւոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որ արվում է, համակարգի կողմից կարող է մարսվել, այսինքն դրա համար կան համապատասխան հիմքեր ու մեխանիզմներ։ Երկրորդը՝ որ այդ ներդրումը նպատակային է եւ ծառայում է գիտության զարգացմանը: Սրանով [պետք է] նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Սա այս գործընթացի առաջին փուլն է, այն լինելու է շարունակական», – քննարկման վերջում եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։