Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած մարդկանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին որոշումը։
«Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունների վրա»,- նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Համաներումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատազրկման կամ այլ պատժի, ինչպես նաև ում պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է։ Կդադարեցվի նաև պատժից վաղաժամկետ ազատված մարդկանց նկատմամբ վերահսկողությունը։
Համաներումը կարող է տարածվել նաև ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող մարդկանց վրա, ովքեր մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան։
Բադասյանը հավելել է նաև, որ համաներումը չի կիրառվելու այն մարդկանց դեպքում, ովքեր օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ զինծառայությունից և զորակոչից խուսափելուց զատ մեղադրվել, մեղադրվում, կամ կարող են մեղադրվել այլ հոդվածներով։
Նախատեսվող համաներման շահառու կարող է լինել հետախուզման մեջ գտնվող ավելի քան 5000 մարդ և դատապարտված ավելի քան 100 մարդ։