Ապրիլի 10-ին ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է նրա որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանյաց արարողությունը, որն ավարտվել է մոտ կեսժամանոց հրավառությամբ։
Ոստիկանության Կոտայքի բաժնում հրավառության դեպքի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն․ իրավապահները հայտնում են, որ շքեղ սալյուտը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (նախատեսում է 300 հազար դրամի տուգանք)։
Ընդդիմադիր օլիգարխի որդու շքեղ հարսանիքը՝ կազմակերպված համավարակի հերթական ալիքի և հետպատերազմյան հումանիտար ճգնաժամի պայմաններում, պաշտոնական մեկնաբանությունների դեռևս չի արժանացել։
Համացանցում հայտնված տեսանյութերում՝ բազմահարկ հարսանյաց տորթից, ադամանդե զգեստից, կենդանի արձաններից, տասնյակ մանուկ դհոլչիներից, տարոսիկներ շաղ տվող ուղղաթիռից, հարյուրավոր սպասարկուներից և սրահը զարդարող հազարավոր ծաղիկներից բացի, երևում են նաև Ռուսաստանից հրավիրված «հին աստղերը» (Նիկոլայ Բասկովը, Սոսո Պավլիաշվիլին, Ավրաամ Ռուսսո և այլն) և նրանց ձայնակցող տեղացի հայտնիները (Ավետ Բարսեղյան, Սոնա Ռուբենյան և այլն)։ Բազմահազարանոց հարսանիքին մասնակցում էին նաև ընդդիմադիր գործիչները։
https://www.youtube.com/watch?v=jP8APhyM2Yg
Որքան է արժեցել այս ճոխ արարողությունը՝ ստույգ հայտնի չէ։ Բարգավաճ Հայաստանն՝ ի դեմս իր առաջնորդի, մեկնաբանություններ չի տալիս։