Home / Բնապահպանություն / Լոռիում ուզում են հանք բացել․ գլուխ հարթուկելու էր եկել տխրահռչակ Խաչիկյանը

Լոռիում ուզում են հանք բացել․ գլուխ հարթուկելու էր եկել տխրահռչակ Խաչիկյանը

Լոռու մարզում գտնվող անտառապատ տարածքում «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ»՝ անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու թույլտվություն ստանալ։

Ազդակիր համայնքներում՝ Մարգահովիտում, Վահագնաձորում, Վահագնիում, Դեբետում և Եղեգնուտում այսօր նախատեսված հանրային քննարկումները չկայացան․ ինչպես նշվում է ավագանիների կազմած արձանագրություններում՝ «քանի որ մասնակիցները դրանք տապալեցին»։

1

Գյուղերի կենտրոններում առավոտվանից հավաքված մարդիկ պնդում էին, որ թույլ չեն տալու ո՛չ հանրային քննարկումներ անցկացնել, ո՛չ երկրաբանական ուսումնասիրություններ անել և ո՛չ էլ, առավել ևս, նոր հանք բացել։

Տեղացիների հետ բանակցելու էր եկել Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։

«Կոռուպցիոներ, Քոչի ու Սերժիկի ժամանակ սոցապ ծառայության պետ աշխատած ու մարդկանց թոշակները յուրացնելու համար բանտում հայտնված Խաչիկյան Վազգենն եկել է Լոռու գյուղեր՝ համոզելու, որ մետաղական հանք թույլ տան բացել, քանի որ, իր ասելով, դա հեչ վտանգավոր չէ, իսկ քարհանքներն ավելի վտանգավոր են», – մեկնաբանում էր Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստայնը։

Եվ իսկապես՝ Խաչիկյանը, ով բյուջեից 300 միլիոն խարդախությամբ հափշտակելու և յուրացնելու համար 2012-ին կալանավորվել, 2014-ին դատվել, իսկ 2017-ին (նախագահ Սերժ Սարգսյանի շնորհած ներումով) ազատ էր արձակվել, այսօր տապալված հանրային քննարկումների կենտրոնում էր։

Վերջինս ներկայանում էր որպես «հանքային տուրիզմի գծով խորհրդական»։

2

Ովքեր են վերոհիշյալ ՍՊԸ-ի սեփականատերերը՝ Խաչիկյանը չէր նշում։ Փոխարենը, ինչպես ասում էին տեղացիները, «գլուխ էր հարթուկում», թե մետաղական հանքից շրջակա միջավայրը և այդ միջավայրում ապրող մարդկանց առողջությունը չի տուժի։

Անհարմար հարցերին պատասխանելուց Խաչիկյանը խուսափում էր․ «Ես մասնագետ չեմ»։ Հրապարակում հավաքվածները հակադարձում էին․ «Եթե մասնագետ չես, ինչի՞ ես էստեղ եկել»։ Երկխոսություն, մի խոսքով, չէր ստացվում։

Եվ այսպես՝ գյուղից գյուղ։ Տեղացիներին համոզել սոցապ ծառայության նախկին տխրահռչակ պետին չէր հաջողվում, հանրային քննարկումները տապալվում էին, Խաչիկյանը՝ գործընկերների հետ միասին, հեռանում։

4

«Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ն, ինչպես հայտնում է ՀԲՃ-ն, գրանցված է Հայաստանում և պատկանում է Չեխիայում գրանցված «Միներալ Վենչրզ Ինվեստ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին, սակայն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այս պահին տեղեկություն չկա:

Ընկերությունը վերոհիշյալ համայնքներին հարակից տարածքում նախատեսում է ոսկու հանք բացել։

3

Տեղացիներն այսօր պարբերաբար հիշում էին Թեղուտի հանքի օրինակը՝ որպես ապացույց, որ հանքահանությունը՝ ի հեճուկս աշխատատեղեր ստեղծելու խոստումների, իրականում հարստահարում է տեղի համայքները․ հանքը մի քանի տարի շահագործելուց հետո շահագործողները հեռանում են՝ բնակչությանը թողնելով ամայացած տարածքներ և բաց պոչամբարներ, նրանց առաջարկած կարճաժամկետ աշխատանքը գյուղացիներին զրկում է նաև երկարաժամկետ եկամուտներից։

6

Պետությունը, ըստ բնակիչների, առաջնորդվում է բացառապես պահի թելադրանքով՝ անտեսելով բոլոր երկարատև վտանգները։ Հանքից եկող հարկերը չեն կոմպենսացնելու ո՛չ բնակիչների հիվանդությունները, ո՛չ համայնքների ոչնչացումը, ո՛չ գյուղատնտեսությանը և շրջակա միջավայրին հասցված վնասները։

5

Լուսանկարները՝ Տաթևիկ Ղումաշյանի