Սյունիքում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիաներին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ քրգործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) հատկանիշներով, հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Հիշեցնենք՝ վարչապետն այսօր պաշտոնական այցով Սյունիքի մարզում էր։ Ագարակում, Մեղրիում, Քաջարանում այցին նախօրոք էին պատրաստվել. «ընդդեմ» բողոքի ցույցերին կարելի էր նկատել, օրինակ, Մեղրիի քաղաքապետին, Գորիսի քաղաքապետի մտերիմներին, ծանոթ այլ մարդկանց։ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ այս պաշտոնները զբաղեցրել են (մեծ մասամբ՝ շարունակում են զբաղեցնել) Հանրապետական կուսակցության նախկին և ներկա անդամները։ Ցուցարարները զբաղված էին հիմնականում հայհոյանքներ հնչեցնելով։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները դրանք խելոք լսում էին, լրագրողները’ հեռարձակում։
Ավելի վաղ միջադեպերին անդրադարձել էին նաև Փաշինյանը և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետը նշել է․
— Ես ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում: Պարոն Աբազյան և Ղազարյան․․․ ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։
Վարչապետի խոսնակ Մանե Հակոբյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել Փաշինյանի՝ Կապան կատարած այցից ու գրել․
— Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։ Իսկ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։