Մոսկվան «փիար-քայլ» և «խայծ» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Դոնբասում հանդիպելու առաջարկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«․․․Սա, իհարկե, փիար-քայլ է, որը ենթադրում է, որ շփման գծում Պուտինի ու Զելենսկու միջև այսպիսի հանդիպումը աշխարհի աչքերում պետք է հաստատի՝ Ուկրաինան Դոնբասում Ռուսաստանի հետ է կռվում․․․ Չցանկանալով ուղիղ կապ հաստատել հակամարտության մյուս կողմի ՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, նա ցանկանում է հանդիպման փաստով ապացուցել, որ ինքն ու Պուտինը նույն հարթակի վրա են կանգնած», – հայտարարել է Պետդումայի ԱԳՆ կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ նախագահին զեկուցել են Ուկրաինայի իր գործընկերոջ առաջարկի մասին, սակայն «վստահություն չկա, որ նա ծանոթացել է տեղեկատվությանը»։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երկրի բնակիչներին ուղերձ էր հղել, որում դիմել էր նաև երկրի «հյուսիսային հարևանին»։ Զելենսկին Պուտինին առաջարկել էր հանդիպել ուկրաինական Դոմբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում։
«․․․ՌԴ նախագահը մի անգամ ասել է՝ եթե կռիվն անխուսափելի է, պետք է առաջինը խփել։ Բայց այսօր, ըստ իս, ամեն առաջնորդ պարտավոր է հասկանալ, որ կռիվն անխուսափելի լինել չի կարող, երբ խոսքը ոչ թե քուչի ու խուլիգանների մասին է, այլ իրական պատերազմի և միլիոնավոր մարդկային կյանքերի։ Եվ որ ի տարբերություն կռվի, պատերազմում պարտվում են բոլոր կողմերը։ Եվ որ չի կարելի մեկին պաշտպանել՝ հարձակվելով։ Եվ որ անհնար է մեկին ազատել՝ գրավելով։ Եվ որ անհնար է խաղաղություն բերել տանկերի վրա․․․», – ի թիվս այլի ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի և Ռուսաստանի սահմաններին իրավիճակը գնալով ավելի է լարվում։ Ամսվա սկզբից Մոսկվան սկսել է մեծածավալ զորքեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմաններին։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է՝ «Ռուսական բանակը աշխարհի որևէ երկրի համար վտանգ չի ներկայացնում, և մեր զինվորական ուժերը իրենց ստորաբաժանումներով, տեղաշարժվում ու տեղակայվում են երկրով մեկ՝ ըստ Ռուսաստանի Զինված ուժերի հայեցողության»։ Խոսնակի կարծիքով՝ սա որևէ մեկին չպիտի մտահոգի։
Երեկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոսեպ Բորելը հայտարարեց, որ ռուսական զորքերի թիվն Ուկրաինայի սահմաններին 100 000-ից ավելի է, չնայած ավելի վաղ նա հայտնել էր թվով 150 000 զինվորների մասին։
The Times-ի հաղորդմամբ՝ բրիտանական ռազմանավերը մայիսին կուղարկվեն Սև ծով՝ ի համերաշխություն Կիևին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ որոշել էր ռազմանավեր չուղարկել՝ իրավիճակը չսրելու համար
Այնուամենայնիվ, Զելենսկու և Բայդենի միջև պրիլի 2-ին տեղի ունեցած մոտ 50-րոպեանոց հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը` «Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում»։