Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան պաշտոնական այցով մեկնել էր Սյունիքի մարզ։
Ագարակում, Մեղրիում, Քաջարանում այցին նախօրոք էին պատրաստվել. «ընդդեմ» բողոքի ցույցերին կարելի էր նկատել, օրինակ, Մեղրիի քաղաքապետին, Գորիսի քաղաքապետի մտերիմներին, ծանոթ այլ մարդկանց։ Նշենք, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ այս պաշտոնները զբաղեցրել են (և բազմաթիվ դեպքերում դեռ զբաղեցնում են) Հանրապետական կուսակցության նախկին և ներկա անդամներ։
Ցուցարարները զբաղված էին հիմնականում հայհոյանքներ հնչեցնելով։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները դրանք խելոք լսում էին, լրագրողները’ հեռարձակում։
Մեղրիում մի խումբ տղամարդիկ նետվել էին կառավարական մեքենայի վրա ՝ հայհոյելով Փաշինյանին և փորձելով թույլ չտալ նրան հանդիպել քաղաքի բնակիչների հետ։
Վարչապետը հայհոյանքներին պատասխանեց «ողջունում եմ, ժողովուրդ ջան, ողջույններ» արտահայտությամբ և, մատնացույց անելով ցուցարարներին, հավելեց․
«Մենք ենք մեղավոր, ճիշտ եք ասում․․ Մենք ենք մեղավոր․․․ Ներողություն եմ խնդրում այ սրա համար․․․ Մենք դա էլ կուղղենք»։
Փաշինյանի այցն այնուհետև շարունակվեց Կապանում։
Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
— Առաջ մեկը թռներ պետական ավտոյի բամպերին, կանգնեցներ պետական ավտոշարասյունը, հրապարակավ սեռական քֆրտեր պետական պաշտոնյային, 10 րոպեում կտային կսպաներին, 10 չէ, 3 րոպեում՝ զուգարանում, կամ կփակեին մի 10-15 տարով: Քրեական օրենսգրքում մի փունջ հոդված կա էս գործողությունների համար: Ոչ մի քրեական գործ էլ չի հարուցվելու Ագարակի այլանդակության համար։
Ընդդիմությունը, մեղա այդ բառի համար, ասենք՝ իշխանությանը դեմ ելածները՝ անկախ դրադապատճառներից, երբեք այսպես արտոնյալ, հարուստ ու անպատիժ չեն եղել Հայաստանում: Չքնաղ երկիր, հրաշք աննման։