Home / Բանակ / Պատերազմի խոսնակը նոր գիրք է գրել, գինը՝ 50 000 դրամ

Պատերազմի խոսնակը նոր գիրք է գրել, գինը՝ 50 000 դրամ

Լույս է տեսել ղարաբաղյան երկրորդ պատերազմի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ «Ռազմարվեստ» կոչվող գրքի 2-րդ հատորը։

«Ցավոք այս գիրքս ուշացած ծնվեց։ Սակայն հիմա էլ կարող է շատ օգտակար լինել, եթե․․․ Այն շուրջ տասը տարվա աշխատանքի արդյունք է», – ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարության պաշտոնաթող խոսնակը։

Գիրքն, ինչպես հայտնել է հեղինակը, հասանելի է «Երևանի և Գլենդելի գրախանութներում»։

Արժեքը՝ 50 (հիսուն) հազար դրամ։ Մեկ օրինակի համար։

«Ռազմարվեստի» նախորդ հատորը հրատարակվել էր դեռ 2016-ին։ Առաջին և երկրորդ հատորների միջև ընկած կարճ ժամանակահատվածում Հովհաննիսյանը հասցրել է ևս երկու գիրք hրատարակել՝ «Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում» և «Հարձակման Սիմֆոնիան կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում» վերնագրերով։

Գրքեր գրելուց բացի՝ Հովհաննիսյանը տարիներ շարունակ զբաղված է եղել նաև բանակային ղեկավարության մեդիա-պաշտպանությամբ և զինված ուժերում չդադարող բռնությունների ու կոռուպցիայի քողարկմամբ:

2012-ից մինչև 2020-ի մարտ ամիսը զվաղեցրել է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ Թեև 2020-ի գարնանը հեռացվել է այդ պաշտոնից, հուլիսյան էսկալացիայի և սեպտեմբերին մեկնարկած 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գերատեսչության խոսնակի գործառույթները փաստացիորեն վերապահված էին հենց նրան։ Պատերազմի ժամանակ, երբ հազարավոր մարդիկ զոհվում էին, վիրավորվում և տեղահանվում, Հովհաննիսյանը հանրությանը շարուբակաբար համոզում էր, որ դրությունը կայուն է և խիստ հուսադրող:


Արծրուն Հովհաննիսյանը հայկական արտադրության շորեր է գովազդում, ձեռքին՝ «Ռազմարվեստի» առաջին հատորն է․ լուսանկարը՝  «ArmenianLook» նախագծի էջից

Նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից և պատերազմի ավարտից անմիջապես հետո Հովհաննիսյանը լքել է պաշտոնը, ավելի ուշ զորացրվել է ՊՆ-ում ծառայությունից և խոստացել «կյանքը ներդնել նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»։