2020 թվականի սեպտեմբերին Էրիկ Զեմմուրը հեռուստաալիքներից մեկի եթերում Ֆրանսիա առանց ուղեկցության ժամանած միգրանտների երեխաներին «գողեր», «մարդասպաններ» ու «բռնաբարներ» էր անվանել՝ նշելով, որ նրանց հարկավոր է վտարել երկրից։ Դատախազությունը որոշեց, որ նմանատիպ հայտարարությունները խախտում են կարծիքի և արտահայտվելու ազատության թույլատրելի սահմանները։
Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջ թեկնածուն 10 հազար եվրոյով է տուգանվել ռասայական ատելություն հրահրելու համար, գրում է Le Monde օրաթերթը։
Վճռի հրապարակմանը Զեմմուրը ներկա չէր։ Որոշումը սոցցանցերում մեկնաբանելով, նա գրել է, որ պետք է վերջ դնել խոսքի ազատությունն ու ժողովրդավարական բանավեճը ճնշող համակարգին։
«Այս համակարգը արդյունաբերական եղանակով հանցավոր համոզմունքներ է արտադրում։ Շտապ անհրաժեշտ է դուրս քշել գաղափարախոսությունը դատարաններից», – հայտարարել է Զեմմուրը։ Վերջինիս փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։
63-ամյա ֆրանսիացի լրագրող, հրապարակախոս Էրիկ Զեմմուրը նախկինում արդեն երկու անգամ դատվել էր՝ թշնամանք հրահրելու հոդվածով։ Անցյալ տարի անցկացված և մի քանի շաբաթ տևած հանրային հարցումների համաձայն, 2022 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում Զեմմուրը կարող էր երկրորդ տեղը զբաղեցնել՝ հետ մնալով միայն երկրի ներկայիս ղեկավար Էմմանուել Մակրոնից։ Սակայն այս ընթացքում նրա դիրքերը թուլացել են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ծայրահեղ աջ քաղաքական գործիչը եռօրյա այցով ժամանել էր Երևան՝ պաշտպանելու «վտանգի տակ գտնվող» քրիստոնյաներին։ Ավելի մանրամասն՝ այստեղ։