2022 թվականի մարտի 15-ից ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նախագծի բոլոր արգելքները վերաբերելու են ոչ միայն ավանդական, այլև էլեկտրոնային ծխախոտային արտադրատեսակներին և նարգիլեներին։
Օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշները:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության մշակած «հակածխախոտային» նախագիծը ընդունվել էր դեռևս 2020թ․-ի փետրվարին, որով՝ ի թիվս այլ փոփոխությունների, արգելվում է հանրային վայրերում ծխելը, ծխախոտային արտադրանքները գովազդելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները։
Օրենքը ուժի մեջ պետք է մտներ 2021թ․-ի հունվարի 1-ից, սակայն 2020թ․-ի դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովը ընդունել էր փոփոխությունների նախագիծ, այսպիսով՝ մեկ տարով հետաձգելով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթները։ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտարարել էր, որ այս նախաձեռնության հիմքում, իրականում, ծխախոտային «մի շատ հայտնի միջազգային արտադրողի» շանտաժն է։