Home / Շուկա / Էլեկտրամոբիլներն ազատվում են մաքսատուրքից

Էլեկտրամոբիլներն ազատվում են մաքսատուրքից

Էլեկտրամոբիլների ներմուծողները կազատվեն մաքսատուրքից․ սկզբանական փուլում արտոնությունը կտարածվի 6400 էլեկտրամոբիլների վրա։

Ֆիզիկական անձանց համար որոշումը հետադարձ ուժ կունենա, այսինքն՝ 2022 թ.-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաները նույնպես կազատվեն մաքսատուրքից։

«Մարդիկ, որոնք ներմուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները։ Իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար», – կառավարության այսօրվա նիստին նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մինչ այս էլեկտրամոբիլների ներմուծման համար 12,5 % մաքսատուրք էր սահմանված։

Էլեկտրամոբիլների ներմուծումն ազատված է նաև ԱԱՀ-ից։

Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 մարտի 17-ի որոշմամբ Հայաստանին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 7000 չափաքանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 % դրույքաչափ։

Էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, ըստ նախագծի հիմնավորման, ներմուծման մաքսատուրքից կազատվեն 6400 էլեկտրամոբիլներ, անկախ նրանից՝ ֆիզիկական թե իրավաբանական անձ է դրանք ներմուծում։ Մնացած 600 էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողներին՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։