Կառավարությունը մասնակի կամ ամբողջությամբ կսուբսիդավորի բնակարանների և անհատական բնակ․ տների վերանորոգման համար ձեռք բերված վարկերի տարեկան տոկոսադրույքները, եթե դրանց 20-30%-ն օգտագործվի բնակարանն ավելի էներգախնայող դարձնելու համար։
Որոշումն ընդունվել է գործադիրի ապրիլի 15-ի նիստում։
Ի՞նչ է սա ենթարդում։ Բնակարանի դեպքում վերանորոգման ընդհանուր առժեքի առնվազն 20%-ը, իսկ բնակելի տների դեպքում՝ առնվազն 30%-ը պետք է ուղղվի էներգաարդյունավետության բարձրացմանը, այսինքն՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանը։
Էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքը կսուբսիդավորվի, եթե վարկի սահմանաչափը կազմում է՝
— բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ 1 քառ. մետրի հաշվարկով ոչ ավելի, քան 7 մլն դրամը,
— անհատական բնակելի տների համար՝ 1 քառ. մետրի հաշվարկով ոչ ավելի, քան 10 մլն դրամը։
— ծրագիրը տարածվում է միայն գոյություն ունեցող (այլ ոչ՝ կառուցվող կամ կառուցվելիք) բնակարանների և անհատական տների (բացառություն են կազմում միայն 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) վերանորոգման վրա։
Վարկը տրամադրվում է դրամով՝ ոչ ավելի, քան 14% տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի ժամկետով:
Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկը կտրամադրվի 0% տոկոսադրույքով, գյուղական բնակավայրերում՝ 2% տոկոսադրույքով, քաղաքային բնակավայրերում՝ 3% տոկոսադրույքով, Երևանում՝ 5% տոկոսադրույքով:
Աջակցությունը կտարածվի մինչև 2023 թ. հուլիսի 1-ը տրամադրելիք վարկերի վրա։
«Ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար ավելի քիչ կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակում կապահովենք նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր այն հայրենակիցներին, ովքեր այս տարի հայտնի պատճառներով գուցե չկարողանան մեկնել արտագնա աշխատանքի։ Նրանց համար պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում․․․ Կա ռիսկ, որ կարող է ծրագիրն այնքան մեծ մասշտաբներ ձեռք բերի, որ բյուջեի համար շատ մեծ ծանարաբեռնվածություն ունենա։ Դրա համար որոշակի քվոտաներ ենք սահմանում»,- նախագծի քննարկման ժամանակ պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ առաջին փուլում 10 000 այդպիսի վարկ կտրամադրվի, բայց «եթե տեսնենք՝ մի տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև բնակֆոնդի լուրջ խնդիր ունենք»։