7 ամսից ավելի է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը չկա։ Նոյեմբերի 12-ին նա անհետացել էր Նախիջևանի սահմանագծի դիրքերից։
«Իր հետ երկու շուն է եղել, շները հետ են եկել, ինքը չի վերադարձել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր զինծառայողի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը։
Մելիքսեթյանը պատմել էր, որ ամուսնուն նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան ճանապարհել է հերթափոխի, կեսօրից հետո հետը խոսել է հեռախոսով։ Երեկոյան ռազմական ոստիկանության աշխատակիցներն են տուն եկել՝ թե զինծառայող ամուսինդ չկա։ Լիանան Վայքի զորամաս է գնացել ու մի քանի բան պարզել. Վահեն իրենց՝ ներքևի դիրքից մեկ այլ՝ վերևի դիրք է գնացել ծառայակցի համար ուղարկված ծանրոցը վերցնելու, ծանրոցը վերցրել է, բայց հետ չի եկել։ Կնոջ տեղեկությամբ, այս երկու հայկական դիրքերից մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանական հենակետ կա։ Վահեն պոստից պոստ ընկած ճանապարհին անհետացել է․ հետի շները վերադարձել են, ինքը՝ ոչ։
Երեք մանկահասակ երեխաների մայրը մինչ այժմ չի կարողանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստանալ անհետ կորած զինվորների ընտանիքների համար նախատեսված գումարը․ Վահե Մանուկյանի անհետացումից հետո նրա ընտանիքը մնացել է առանց եկամուտի։
«Ազատության» հետ զրույցում Իրավաբան Վարդուհի Սարգսյանն ասում է՝ խնդիրն այն է, որ ի սկզբանե քրեական գործ է հարուցվել մարտական դիրքը ինքնակամ լքելու հիմքով, այսինքն՝ կորած զինծառայողը ոչ թե տուժող, այլ մեղադրյալ է ճանաչվել։
«Վահեի դասալքության, այսինքն՝ ծառայությունից խուսափելու հետ կապված որևէ բացատրելի հանգամանք չկա։ Ինչո՞ւ։ Որովհետև փաստացի նրա պայմանագրի ժամկետը լրանում էր ընդամենը մեկ ամսից, և նա կարող էր պարզապես չշարունակել պայմանագիրը», – նշում է իրավաբանը։
Սա 33-ամյա պայմանագրայինի վերջին հերթափոխն էր։ Ընտանիքը պնդում է, որ նա մտադիր էր շարունակել ծառայությունը, դժգոհություններ չուներ։
«Երեք վարկած կարող է լինել․ կա՛մ մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կա՛մ հենց ադրբեջանցիների կողմից առևանգվել է, կա՛մ Վահեի հետ կատարվել է դժբախտ դեպք կամ սպանություն, որի հետևանքով դիակը թաքցրել են», – ասում է Վարդուի Սարգսյանը։
Քննչական կոմիտեից հունիսի 15-ին տեղեկացրել են, որ օրեր առաջ Դատախազությունից անհետ կորած զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ցուցում են ստացել։ Քրեական նոր գործ է հարուցվել՝ արդեն սպանության հոդվածով։
«Հարուցվել է քրեական գործ 104-ի առաջին մասով, նա ճանաչվել է տուժող, կնոջն, ամենայն հավանականությամբ, կկանչեն քննչական վարչություն զինվորական, և նրան կճանաչեն իրավահաջորդ», – ասել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Ձնհալից հետո որոնումներ են իրականացվել, աշխատել են նաև դրոններով։ Զինծառայողի մարմինը, սակայն, չեն գտել։
Այժմ, երբ անհետ կորած զինծառայողը մեղադրյալից դարձել է տուժող, ընտանիքը կարող է դիմել դատարան։
«Դեպքը տեղի է ունեցել մարտական հերթապահության ժամանակ։ Այս պարագայում ընտանիքը կարող է դիմել դատարան՝ իրենց հարազատին անհայտ բացակայող ճանաչելու համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին», – նշել է իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։
Անհայտ կորած զինծառայողների ընտանքիների համար նախատեսված ընդհանուր գումարը 10 միլիոն դրամ է։ Իրավապաշտպանը շեշտում է՝ զինծառայողներն այսօր անվտանգ ծառայության պայմաններ չունեն, և դրա ապացույցն այսպիսի կրկնվող դեպքերն են։ 33-ամյա պայմանագրայինի հարազատները արդեն հույս չունեն, որ Վահեն ողջ է։ Հարազատների խոսքով՝ Կարմիր խաչը 2-3 անգամ հարցում է արել, գերեվարման վարկածն Ադրբեջանը չի հաստատել։