Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, քաղբանտարյալ Ալեքսեյ Նավալնին Պոկրովի ընդհանուր ռեժիմի գաղութից տեղափոխվել է Վլադիմիրի մարզի Մելեխովո գյուղի խիստ ռեժիմի ուղղիչ № 6 գաղութ։
№ 6 գաղութում Նավալնին պետք է կրի 9 տարվա ազատազրկում։ Նա դատապարտվել է այս տարվա մարտի 22֊ին՝ խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։
«Իմ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, բայց Մելեխովոյի խիստ ռեժիմի գաղութի բանտարկյալները գրում են, որ ինձ համար այնտեղ սարքավորում են «բանտ բանտի մեջ»։ Ասում են, եթե Մելեխովո գուգլեք, բանտարկյալների պատմությունները կգտնեք այն մասին, թե ինչպես են այնտեղ եղունգները քաշում», ֊ գրում է Նավալնին իր տելեգրամյան ալիքում։
Gulagu.net նախագծի հիմնադիր Վլադիմիր Օսեչկինը № 6 գաղութն անվանել է «համամիութենական խոշտանգումների հաստատություն»։ Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ խոշտանգումների մեջ են ներգրավված բանտարկյալները, որոնք ծեծի, սպառնալիքի, նվաստացման և սեռական բռնության միջոցով դատապարտյալներից պահանջում են անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ ինչպես իրենք իրենց, այնպես էլ այլ մարդկանց դեմ։ Բողոքների դեպքում կիրառվում են խոշտանգումներ և սպառնալիքներ՝ ստիպելու բանտարկյալներին հրաժարվել իրենց պահանջներից և փաստաբանական ծառայություններից։
Խիստ ռեժիմի խոշտանգումների № 6 գաղութը
Դեռևս 2014թ․֊ին Վլադիմիրի 6֊րդ ալիքը ռեպորտաժ էր նկարահանել «դաստիարակություն փայտով» վերնագրով՝ հենց այս գաղութի մասին։ Ռեպորտաժը հիմնված էր մինչ այդ հրապարակված տեսանյութի վրա, որում գոտիով կապկպված բանտարկյալի հետանցքի մեջ փայտ էին մտցնում։
Gulagu.net-ի յութուբյան ալիքը մի քանի տեսանյութ ունի այս գաղութի մասին։ Դրանցից մեկում, որը հրապարակվել է 2016 թվականին, բանտարկյալ Արտեմ Գրիբանովը լացակումած պատմում է, թե ինչպես են դիմակավորված անձինք ստիպել իրեն հրաժարվել գաղութի աշխատակիցների դեմ տված ցուցմունքներից՝ փայտով բռնաբարելով, առնանդամը դեմքի առաջ թափահարելով։
Սպանության մեկ այլ դեպք № 6 գաղութում եղավ 2019թ․֊ին։ Ախմատ Քադիրովի (Չեչնիայի առաջին նախագահ) նախկին թիկնապահ Այուբ Թունթուևին դատապարտել էին՝ 2005թ․֊ին Չեչնիայի ահաբեկչության ու Պսկովի դեսանտայինների վրա հարձակվելու մեղադրանքով։ Իրավապաշտպանների խոսքերով՝ Այուբը ընդունել էր իր մեղքը խոշտանգումներից ու սեռական բռնության սպառնալիքներից հետո։ Եվրոպական դատարան երկու անգամ դիմելուց Այուբին սպանեցին գաղութում։
2021թ․֊ին Медиазона-ն հրապարակել էր այս գաղութի բանտարկյալ Իվան Ֆոմինի նամակը։ Նամակում նա պատմում էր, որ բռնաբարության սպառնալիքներից հետո, ինքը նույնպես ստիպված սկսել էր մասնակցել այլ բանտարկյալների խոշտանգումներին։ Նրան ստիպել էին հրաժարվել իսլամից և ընդունել ուղղափառություն։ Ֆոմինը պատմում էր մեկ այլ դատապարտյալի՝ Գոռ Հովակիմյանի, հանդեպ խոշտանգումների ու ծեծի մասին։ Գոռ Հովակիմյանի մասին Медиазона֊ն նույնպես տեսանյութ ունի հրապարակած․ նա 2018 թվականին բանտում ենթարկվել էր ծեծի, ինչի հետևանքով մահացել էր։