Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) ուղերձ է հղել, որով ազդարարել է «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» մեկնարկը։
Հունիսի սկզբին Դոն Պիպոյի նկատմամբ Հայաստանում հետախուզում էր հայտարարվել․ նա մեղադրվում է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու մեջ։ Հետախուզումից, ըստ ամենայնի, թաքնվում է Ռուսաստանում։
Այսօրվա տեսաուղերձում Վաղարշապատում հայտնի կրիմինալ հեղինակությունն «ի լուր բոլոր հայերի» հայտնում է, որ գործունեություն է սկսում որպես «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» առաջնորդ։ Թե ինչը և ումից է պատրաստվում ազատագրել՝ Դոն Պիպոն առանձնապես չի նշում։
Ռուսաստանի, Հայաստանի և Հայ խաչակիրների դրոշների ֆոնին նա խոստանում է «բարձր պահել հայ տղամարդու արժանապատվությունը, գործել մեր հայ եկեղեցու կանոնակարգով և առաջնորդվել հայկական ընտանիքների շահերով»։
Վերջում համոզմունք է հայտնում, որ «միլիոնավոր հայեր սպասել են այս արդար շարժմանը» և շնորհավորում «բոլոր իսկական խաչակիրներին»։
Տեսագրությունը, ըստ շարժման յութուբյան ալիքում նշված տեղագրության, ձայնագրվել է Մոսկվայում։