Home / Դատարան / Քյաբաբնոցներում ապացուցելու են, որ իրենք են ռուլիտ անում ամեն ինչ

Քյաբաբնոցներում ապացուցելու են, որ իրենք են ռուլիտ անում ամեն ինչ

Կասեցված լիազորություններով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած գաղտալսումը, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը «չթարսվելու» դիմաց երաշխավորում է քրեական գործեր փակել, Գլխավոր դատախազությունը դեռ երեկ ուղարկել է Քննչական կոմիտե։

Նախատեսվում է, որ Կոմիտեն կպարզի դրանում նշված հանգամանքները՝ «նկատի ունենալով, որ խոսքը քրեական վարույթի ապօրինի միջամտության առերևույթ դրսևորումների մասին է»։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանը բովանդակային որևէ մեկնաբանություն չի տվել։ Արդեն երկրորդ օրն է՝ լուռ են նաև Կառավարությունն ու իշխող պատգամավորները։ Բարձրագույն դատական խորհրդում Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարց առ այժմ չի քննարկվում։

Հոդվածներ 311.2 և 332

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ինքնախոստովանության հիմքով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հունիսի 20-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ, Ջհանգիրյանի խոսքերում առկա է Քրեական օրենսգրքի 311.2 և 332 հոդվածներով արգելված արարքների ինքնախոստովանություն․ «Ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»»։

Ջհանգիրյանը պիտի հեռանա, Փաշինյանը` բացատրություն տա

«<․․․> Ջհանգիրյան Գագիկի հետ կապված Հայաստանի քաղհասարակությունը որեւէ պատրանք չունի: Այս մարդը եղել է 2004-ի Մատաղիսի հայտնի գործի հիմնական ճարտարապետը (որպես գլխավոր զինդատախազ, ապա տեղակալ) եւ ապա ավելի ուշ, մարտի 1-ից ու բանտից դուրս գալուց հետո շարունակել է պաշտպանել իր դիրքորոշումը: Այսինքն ասել է. «Լավ եմ արել, պետք էր մարդասպան «հերոս սպային» պաշտպանել, անգամ եթե դա տեղի էր ունենում 3 ժամկետային զինծառայողի ճակատագրերը խեղելու գնով, այո պետք էր պաշտպանել»: Մատաղիսի գործին անծանոթներին խնդրեմ ծանոթանալ դրան, վարչապետ Փաշինյանը դրանից մանրամասն տեղյակ է, առնվազն Հայկական Ժամանակ թերթը այս գործով դատական նիստերը լուսաբանել է բազմիցս:

Վերադառնանք հրապարակվածին: Կարող ենք պնդել, որ Գագիկ Ջհանգիրյանն առանց ուղիղ մանդատի չէր կարող մարդկանց համոզել, թե կարող է ազատել քրեական պատասխանատվությունից, եթե այս կամ այն վարքագիծը դրսեւորեն: Ավելին, եթե Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական չտա, ապա էլ ավելի մեծ հիմք ենք ունենալու պնդելու, որ սա Նիկոլ Փաշինյանի եւ գործող քաղաքական մեծամասնության քաղաքականությունն է <․․․>

Տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություններ պիտի տրվեն նախեւառաջ Հայաստանի քաղաքացուն: Վենետիկի հանձնաժողովներին ու դատական համակարգի բարեփոխումները խրախուսող Արեւմուտքին ինչ են ասելու դժվար է պատկերացնել: Հետաքրքիր է լինելու նաեւ հետեւել, թե զրույցի ինչ կետերով են գործող իշխանավորները բացատրելու իրենց վարքագիծը<․․․>», – գրել է լրագրող Արսեն Խառատյանը։

Սա պետությունը թագավորող մի կառավարման համակարգ է

«<․․․> Նախարարը տեղով կրակ էլ լինի, ջհանգիրյանակարգի արարածների ղեկավարած կամ անդամակցած ԲԴԽ-ներով բան չի փոխվելու, արդարադատության համակարգի բառդակը ընդամենը կերպարանափոխվում ու ձեւափոխվում է, հարմարվում է նոր ժամանակներին, սա ու սրապեսները օձի լեզու թափելով քյաբաբնոցներում ապացուցելու են, որ իրենք են ռուլիտ անում ամեն ինչ, ու իրականում անելու են:

Դա պետության տակ կամ գլխավերևում թագավորող մի պետական կառավարման համակարգ է: Չեմ չափազանցնում: Հենց էդ համակարգն էլ մատի վրա խաղացնում է այսպես կոչված իշխող քաղաքական ուժին, դա Նիկոլին է թվում, թե ինքն է կառավարում։ <․․․>

Այդ համակարգում ջհանգիրյանների, վարդազարյանների, գարանտ-ստեփանների, տաթոների, մացոների, արտուշների գոյության հիմնական, գլխավոր եւ անգերազանցելի մեղավորը Նիկոլն է, որ չուզեց ողջամիտ ու բանական լուծումներ լսել, ականջ կախեց խորքային պետության գլուխ արդուկող բլբուլներին ու համարյա բան չարեց արդարադատության համակարգը մաքրազարդելու համար։ <․․․>

Ու միայն Նիկոլով չէ, քաղաքական ուժը, որին մարդիկ քվե են տվել Քաղաքացիական պայմանագիրն է, իր խելացի և տգետ անդամներով, իր մտածող ու ծեծող անդամներով, այս պոռնոյի պատասխանատվությունը կիսում են նաև նրանք, թե՞ էլի ռոբասերժական «բոլո՜րս ենք մեղավոր» ցավազրկողը պիտի կերցնեն մեզ, հերթական անգամ: Մեկ օր է անցել ու դեռ ոչ մեկի ձենը չի լսվում, թե պիտի հրատապ, արտակարգ միջոցառումներով հեռացվեն արդարադատության թշնամիները արդարադատության համակարգից, խմբակցության հրատապ նիստ, կամ կուսակցության վարչության հրատապ նիստ չեն գումարել: Հո միայն հիպոտեկ գրվելով չէ՞», – մեկնաբանել է հրապարակախոս Լևոն Բարսեյանը։

Հետևանքները դեռ շատ ենք զգալու

«Անցումային արդարադատության, վեթինգի չիրականացման, Ճշմարտության կամ փաստահավաք հանձնաժողովի չստեղծման հետևանքները դեռ շատ շատ եք զգալու։

Ու թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որն այդպես էլ չգիտակցեց համակարգային ու անպատիժ կառավարմանը համալիր, ամբողջական քաղաքական և իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը», – ամփոփել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։