Home / Բանտ / Ալրաղացի Լյովիկը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց

Ալրաղացի Լյովիկը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց

Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու մեջ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը՝ նրանց մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում։

Սարգսյանի փեսան՝ Սուրեն Ղազարյանը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։ Դատարանն անփոփոխ թողեց Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Ըստ Lurer.com-ի՝ մեղադրող դատախազը պահանջել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման։

Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։ Բացի այդ՝ պաշտպան Դավիթ Կարապետյանը նաև արձանագրել էր, որ գործում առկա ապացույցներով արարքի իրավաբանական որակման խնդիր կա։ Պաշտպանը պահանջել էր արդարացնելՍարգսյանին  առաջադրված մեղադրանքում, իսկ եթե դատարանը կգտներ, որ առկա ապացույցները բավարար են, ապա՝ վերաորակեր արարքը և կարճեր վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը հանցավոր համագործակցություն են ստեղծել, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։