Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման և գործարկման դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»՝ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Աղավնո բնակավայրի հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին է, հենց կետում [2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում – խմբ․] գրված է, որ մենք պարտավոր ենք Բերձորից դուրս գալ: Իսկ Աղավնոյի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք»,- Արցախի Ազգային ժողովում ասել է Հարությունյանը։
Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաև Ստեփանակերտը։ Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, ըստ Հարությունյանի, մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։ Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ․
«Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որ ես չեմ ուզում բարձրաձայնել», – նշել է պաշտոնյան և վստահեցրել՝ այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»
Մոտ 200 բնակիչ ունեցող Աղավնոյի հետ կապված բանակցությունները, Հարությունյանի խոսքով, շարունակվում են․ «Այդ հարցը թողեք։ Տեսնենք՝ ինչ հնարավորություններ կան․․․»։
Լաչինի շրջանի Աղավնո գյուղի համայնքնապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ բնակիչներից շատերը իրենց տները չեն լքելու, ավելին՝ «ավելի լուրջ քայլերի են պատրաստվելու»։
Բերձորը կամ Լաչինի միջանցքը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհն է։ 2020-ի զինդադարի հայտարարությամբ ամրագրվել էր, որ 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել։
Լաչինը հայկական վերահսկողության տակ է անցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ի մայիսին։ Շրջանի գյուղերը (Բերձորից, Աղավնոյից, Սուսից բացի) Ադրբեջանի վերահսկողության տակ անցան 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ «Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի»․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը քննարկվում են Արցախի գործընկերների հետ․ «Մենք մոտավորապես 1,5 տարի ժամանակ դեռ ունենք և ճանապարհի մասով, և բնակիչների համար լուծումներ գտնելու առումով»։