Այսօր՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղևորները՝ տարհանվել, «Լուրերի» հետ զրույցում ասել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Համապատասխան մասնագետները տեղում աշխատում են: