Եվս 526 զինծառայողի արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կտրվի․ որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ծրագիրը գործում է 2020 թվականից։ Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկավորման ծրագրից տարեկան շուրջ 500 զինծառայող կարող է օգտվել։
Հիփոթեքով ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10%-ը և վարկի 7% կազմով տոկոսադրույքի 3 %-ը սուբսիդավորում է պետությունը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով, 2022-ին ծրագրից օգտվելու համար 1018 զինծառայող է դիմել, նրանցից 492-ին արդեն իսկ տեղեկանք է տրվել։ Որոշման ընդունմամբ՝ մնացած 526 զինծառայողներին նույնպես կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք։
Ըստ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի, ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն (ՌՈՒ) ընդունված և ՌՈՒ-ն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցած սպայական կազմի զինծառայողներին՝ ՌՈՒ-ն ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում։
Ըստ նախագծի՝ 2020թ.-ին ծրագրի շահառու է եղել 500 զինծառայող, որից բնակելի անշարժ գույք է ձեռք բերել 223-ը, 277-ը ծրագրից օգտվել չի կարողացել։ 2021թ.-ին շահառու համարվող 481 զինծառայողներց բնակելի անշարժ գույք է ձեռք բերել 249-ը: Ձեռք բերված 472 բնակարանից 385-ը Երևանում է։