Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ՝ հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։
«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան», – նշել է ՊՆ-ն։
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի պաշտպանության բանակը։ Ըստ ՊԲ-ի, Ադրբեջանի զինուժը երեկ և այսօր խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ։
«Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը», – ասված է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ժամը 11։45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել էր հաղորդումը՝ այն համարելով «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։