Home / Հայաստան / Ֆրանսիացին ու հոլանդացիք կփորձեն Հայաստան մտնել դատարանով

Ֆրանսիացին ու հոլանդացիք կփորձեն Հայաստան մտնել դատարանով

ԱԱԾ արգելել է Նիդերլանդների քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանի ու նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։

Մասիս Աբրահամյանը դեռ «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ հատվածում է։ Սյունե Աբրահամյանը, ով Հայաստան էր գալիս՝ Սյունքիում Դաշնակցության կազմակերպած կամավորական աշխատանքներին մասնակցելու համար, արդեն վերադարձել է Նիդերլանդներ։ Թե ինչո՞ւ են Աբրահամյանները պերսոնա նոն գրատա հայտարարվել, ԱԱԾ-ն չի մանրամասնել։

Անցած ամիս արգելվել էր նաև Ֆրանսիայի քաղաքացի, Դաշնակցության բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

Ավելի ուշ Կառավարությունը պարզաբանել էր՝ Փափազյանը 2021 թվականի հուլիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է:

Նրա և «հարձակման ակտիվ մասնակիցների» մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը։

«Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում․․․

․․․Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որևէ մասնակցի նկատմամբ։ Իսկ հարձակումների կազմակերպիչների և մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված կարգով արգելվել է», – ասված էր կառավարության պարզաբանման մեջ։

Անցյալ ամառ Փարիզում գտնվող Հայաստանի դեսպանատան մոտ դաշնակցականները հարձակվել էին Հայաստանի կառավարական ավտոշարասյան վրա, կոտրել լրագրողներին տեղափոխող մեքենայի հայելին, ձվեր և այլ առարկաներ նետել Նիկոլ Փաշինյանի մեքենայի ուղղությամբ, ձեռքով հարվածել Ալեն Սիմոնյանի մեքենայի ապակուն։ Ցուցարարները վանկարկում էին «դավաճան», «հողատու», «թուրք» և այլն։ Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ուժ էր կիրառել, ցուցարարներից մի քանիսը բերման էին ենթարկվել։

Փափազյանը հերքել էր՝ ակցիան ինքը չէ կազմակերպել, անգամ չի մասնակցել։

Թե՛ նա, թե՛ Աբրահամյանը վստահ են՝ անցանկալի անձանց ցանկում են հայտնվել քաղաքական պատճառներով։

«Այս գործողությունը, որ ոչ միայն իմ նկատմամբ, այլ նաև Մուրադ Փափազյանի ու դստերս՝ Սյունե Աբրահամյանի նկատմամբ իրականցվել է, սա վերժխնդրության դրսևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իր դեմ մեր կազմակերպած գործողությունների և ցույցերի կապակցությամբ: Նրան վստահաբար դուրս չեկան մեր քաղաքացիական գործողությունները», – հայտարարել է Աբրահամյանը:

Ըստ նրա, դստեր՝ Սյունեի հետ Երևան էր եկել նաև կինը. վերջինիս մուտքը չի արգելվել։

Դաշնակցությունը, հիշեցնենք, բողոքի ակցիա էր կազմակերպել նաև այս տարվա մայիսին՝ Նիդերլանդների Թագավորություն կատարած Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում վանկարկումներ էին անում, այդ թվում՝ վիրավորական։Փ

Փափազյանը դատարանում իր պաշտպանությունը վստահել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին, իսկ Աբրահամյանը՝ Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին. որոշումը վիճակվելու է։