Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդել է Արցախի պաշտպանության նախարարությունը․ «Կայուն լարվածությունը պահպանվում է»:
«Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», – ասված է հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հաղորդեց՝ առավոտյան ժամը 9-ից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»: Բաքուն հերքեց հայկական կողմի հայտարարությունը։
Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Երեկոյան ժամը 10-ի դրությամբ, ըստ ՊԲ-ի, իրավիճակը առաջնագծում հարաբերականորեն կայուն էր։
Արցախի ՊՆ-ի այսօրվա հաղորդագրության համաձայն, Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։