14:30 _ Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել, կայարանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին ասել է Գյումրու երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը։
13։53 — ԱԻՆ էլեկտրոնային հասցեին այսօր նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված, հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Օդանավակայանում ու կայարանում տեղի են ունեցել տարհանումներ։ Այժմ սակրավորական աշխատանքներ են իրականացվում։
13։26 — Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչը, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի, 2022 թվականի օգոստոսի 15-ին և 16-ին ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության և այլ վարչական շենքեր:
«Հաղորդմամբ ներկայացված հանգամանքները չեն հաստատվել. պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Գյումրի քաղաքի՝ 62-ամյա բնակիչ է», – ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի և 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում: Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել է։
Երևանի մետրոպոլիտենին և «Զվարթնոց» օդանավակայանին վերաբերող «ահազանգերը» հաղորդագրության մեջ չեն հիշատակվում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին, Սուրմալու առևտրի կենտրոնում հրդեհ-պայթյունի օրը, ԱԻՆ-ը հաղորդել էր պայթուցիկ նյութերի տեղադրման մասին հերթական ահազանգի մասին․ տեղեկություն էր ստացվել, որ մետրոյի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Մետրոն փակվել էր, ստուգումների արդյունքում պարզվել էր, որ հաղորդումը կեղծ է։
Օգոստոսի 16-ին ահազանգ էր ստացվել մետրոյի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում ռումբերի տեղադրման մասին․ մետրոյի աշխատանքը դադարեցվել էր, քաղաքացիները՝ տարհանվել, պայթուցիկներ չէին հայտնաբերվել։
Նույնաբովանդակ ահազանգի մասին ԱԻՆ-ը հաղորդել էր նաև հուլիսի 20-ին և օգոստոսի 2-ին։ Թե՞ ովքեր էին «ահազանգողները»՝ հայտնի չէ։