Բուենոս-Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նկատմամբ։ Փոխնախագահի տան մոտ 35-ամյա մի տղամարդ ատրճանակ է ուղղել նրա գլխի վրա և փորձել է կրակել, սակայն զենքը չի կրակել տեխնիկական խնդրի պատճառով։
Մահափորձի մեղադրանքով ձերբակալվել է 35-ամյա Բրազիլիայի քաղաքացին, դրդապատճառները դեռևս պարզվում են, հաղորդում է BBC-ն։
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը փաստել է, որ ատրճանակը լիցքավորված է եղել 5 փամփուշտով և դե Կիրշները հաջողակ պատահականության շնորհիվ է ողջ մնացել։ Նախագահը այսօր Արգենտինայում ոչ աշխատանքային օր է հայտարարել դե Կիշներին համերաշխություն ցուցաբերելու նպատակով։ Երկրի ղեկավարի խոսքերով՝ այս մահափորձը 1983-ին ժողովրդավարության հաստատումից ի վեր երկրում ամենախնդրահարույց դեպքերից մեկն է։
Սոցցանցերում մահափորձը ցուցադրող մի շարք տեսանյութեր են հրապարակվել։ Դրանցից մեկում երևում է ինչպես է դե Կիրշները դիմավորում իր հետևորդներին, որոնց մեջ թաքնված տղամարդը բարձրացնում է զենքը նրա դեմքի ուղղությամբ և փորձում կրակել։
El video del arma contra @CFKArgentina pic.twitter.com/8j1xpMnPoe
— Lautaro Maislin (@LautaroMaislin) September 2, 2022
69-ամյա դե Կիրշները 2007-ից 2015 թվականները եղել է Արգենտինայի նախագահը, իսկ այս տարվա օգոստոսին երկրի գլխավոր դատախազությունը մեղադրել է նրան կոռուպցիա մեջ, պահանջելով նախկին նախագահի նկատմամբ կիրառել 12 տարվա ազատազրկում և պետական պաշտոն զբաղեցնելու ցմահ արգելանք։ Դե Կիրշները մեղադրվում է իր նախագահության տարիներն պետությունից մոտ 1 միլիարդ դոլար գողանալու մեջ՝ մասնավորապես կաշառքների միջոցով։
Կիրշները չի ընդունում մեղադրանքները և համարում է, որ դրանք քաղաքական բնույթ են կրում։ Նրա գործով դատը շարունակվում է մինչ օրս։ Փոխնախագահի տան մոտ ամեն օր հարյուրավոր մարդիկ են հավաքվում՝ նրան աջակցություն ցույց տալու նպատակով։ Այնուամենայնիվ, շատ մարդիկ կողմ են նախկին նախագահի ազատազրկմանը։ Սպասվում է, որ դե Կիրշների գործով դատավճիռը պատրաստ կլինի մի քանի ամսից։