Կանադայի բնիկների համայնքում տեղի ունեցած մի շարք հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել 15 մարդ։
Կանադայի Սասկաչևա նահանգում, որտեղ ապրում են բնիկ ժողովուրդները, երկու տղամարդ 13 տարբեր վայրերում դանակով հարձակվել են մարդկանց վրա ու փախչել։ Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել գտնել կասկածյալներին՝ 31-ամյա Դեմիեն Սանդերսոնին ու 30-ամյա Մայլս Սանդերսոնին։
Դրդապատճառների ու կասկածյալների մասին հավելյալ տեղեկություններ ոստիկանությունը չի հաղորդում։
Արտակարգ դրություն է հայտարարվել 3000 բնակիչ ունեցող Ջեյմս Սմիթ Քրի Նեյշն համայնքում։ Ոստիկանությունը «վտանգավոր անձի» մասին ահազանգ է տվել Սասկաչևա նահանգի մասշտաբով։ Ավելի ուշ հարևան Ալբերտայի և Մանիտոբայի իշխանությունները, նույնպես, ահազանգ են հայտարարել։
«Մի լքեք ապահով վայրերը։ Զգույշ եղեք՝ օտար մարդկանց ձեր բնակության վայր մտնել թողնելիս», – հայտնել է նահանգի ոստիկանությունը։
Սա Կանադայի ժամանակակից պատմության ամենամահաբեր զանգվածային սպանությունն է։
Բնիկների համայնքի առաջնորդների հայտարարությունները ենթադրում են, որ հարձակումները կարող են կապված լինել թմրանյութերի հետ։
«Սա այն կործանումն է, որին մենք բախվում ենք, երբ վտանգավոր անօրինական թմրանյութերը ներխուժում են մեր համայնքներ», – ասել է Ինքնիշխան Բնիկ Ժողովուրդների Դաշնությունը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հարձակումները մեկնաբանել է որպես «սարսափելի և ցավալի»՝ ընգծելով, որ կառավարությունը ուշադիր հետևում է իրավիճակին:
«Որպես կանադացիներ՝ մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր տուժել են այս ողբերգական բռնությունից, ինչպես նաև Սասկաչևայի ժողովրդի հետ», – հայտարարել է վարչապետը։