Home / Բնապահպանություն / «Օգնեք, որ նրանք լսելի դառնան»

«Օգնեք, որ նրանք լսելի դառնան»

Պերուում բնիկ ժողովուրդների մի խումբ ներկայացուցիչներ «պատանդ» են վերցրել մի քանի տասնյակ զբոսաշրջիկների։

Տեղական RPP Noticias-ի փոխանցմամբ, Լորետո նահանգի Ուրարինաս շրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները հայտարարել են, որ այսկերպ փորձում են ուշադրություն սևեռել նավթի արտահոսքի և տեղի իշխանությունների անգործության վրա։

Ավելի վաղ Կունինիկոյում նավթի հսկայական արտահոսք էր տեղի ունեցել․ Petroperú-ի խողովակից նավթը թափել էր գետ։ Տեղի ժողովուրդները ահազանգում էին՝ վտանգվել են իրենց առողջությունն ու պարենային անվտանգությունը։ Բնապահպանական աղետից, ըստ նրանց, նաև մարդիկ են զոհվել։ Իշխանություններին տեղացիները մեղադրում են անտարբերության և անգործության մեջ։

Շաբաթվա սկզբին տեղի համայնքները հայտարարություն էին տարածել՝ նախազգուշացնելով, որ նոյեմբերի 1-ի կեսգիշերից թույլ չեն տալու, որ գետով որևէ նավ կամ նավակ անցնի։

Ակտիվիստները իրենց մոտ են պահում տուրիստների համար նախատեսված զբոսանքային նավակների ուղևորներին։ Նախնականան տվյալներով, խոսքը մոտ 70 մարդու՝ Պերուի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի քաղաքացիների մասին է։ Բացառված չէ, որ զբոսաշրջիկների խմբում կան նաև այլ երկրների քաղաքացիներ։

Դեպքի վայր են ժամանել Պերուի իշխանությունների ներկայացուցիչները, որոնք փորձում են «հանգուցալուծել միջադեպը»։

«Որքան շուտ նրանք լսելի դառնան, այդքան շուտ մենք ազատ կարձակվենք։ Օգնենք ինձ կիսվել տեղեկությամբ, որ մենք լավ ենք՝ ֆիզիկապես անվտանգ։ Օգնեք ինձ, որպեսզի նրանք լսելի դառնան», – ֆեյսբուքի իր էջում գրել է զբոսաշրջիկներից մեկը։