Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավայականից ուղևորվում էր Ռուսաստան՝ Աստրախան քաղաք։
Քաղավիացիայի կոմիտեից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի օդանավը ժամը 13։11-ին անհետացել է ռադարներից: «Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբերի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը», – ըստ «Արմենպրեսի», ասել է արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Ջրաբերի մոտ ինքնաթիռ է ընկել։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։ Ինքնաթիռի մեջհայտնաբերվել են օդաչուների՝ ՌԴ քաղաքացիներ Ա. Պ.-ն (ծնվ. 1979թ․) եւ Վ. Ռ.-ն (1983 թ.), այրված դիերը։
«Հետքը»՝ հղում անելով Քաղավիացիայի կոմիտեին, գրում է, որ կործանված ինքնաթիռը գրանցված է եղել Սլովակիայում: Ըստ planecheck.com-ի, այն արտադրվել է 1969 թվականին, բազավորվում էր Չեխիայի Պրշիբրամ քաղաքի օդանավակայանում: Այս տարվա օգոստոսի 7-ի դրությամբ այն վաճառվում էր 156.800 եվրոյով (գումարած ԱԱՀ-ն՝ 189.728 եվրո):
OM-KVV-ն վաճառքի էր հանվել չեխական «CAMURO Consulting» բաժնետիրական ընկերության կողմից: Վերջինիս գլխամասը գտնվում է Պրահայում, գործունեության հիմնական վայրը Պրշիբրամի օդանավակայանն է, որտեղ ընկերությունը տեխսպասարկման և այլ ծառայություններ է մատուցում տարբեր տեսակի օդանավերի համար:
Ըստ առկա տեղեկությունների, օդանավի՝ Սլովակիայի օդանավերի ռեգիստրում գրանցման վավերականությունը մինչեւ 2023 թ. հունվար էր, տարեկան վերջին տեսչական ստուգումն անցել է 2022-ի հունվարին: Մինչ այս ինքնաթիռն իրականացրել է միայն մասնավոր թռիչքներ: