Գերմանիայի իշխանություններն առավոտյան հայտարարել են նախկին զինվորականներից և ազնվականներից, աջ ծայրահեղականներից, ռեյխսբյուրգերականներից, դավադրության տեսության կողմնակիցներից բաղկացած խմբավորման ձերբակալության մասին։ Հետաքննությունը պնդում է, որ նրանք պլանավորում էին գրավել Գերմանիայի խորհրդարանի շենքը և զինված հեղաշրջում իրականացրել։ Առ այժմ 25 հոգի է ձերբակալվել․ իրավապահները համարում են, որ նրանք «ծայրահեղ լուրջ վտանգ էին ներկայացնում ժողովրդավարական Գերմանիայի համար»։
Դաշնային ոստիկանության հաղորդմամբ՝ չորեքշաբթի առավոտյան տեղի ունեցած ռեյդերին մասնակցել է ավելի քան 3 հազար իրավապահ։ Ոստիկանները խուզարկություններ են արել Գերմանիայի տարբեր նահանգներում, ինչպես նաև Ավստրիայում և Իտալիայում գտնվող ավելի քան 130 բնակարաններում․ 52 կասկածյալներից 25-ը ձերբակալվել են։
Die Zeit-ի փոխանցմամբ, ապրիլին Գերմանիայում նախկին մի զինվորականի են ձերբակալել․ ձերբակալությունից հետո իրավապահները սկսել են ուսումնասիրել նրա շրջապատը և պարզել են, որ առնվազն 2021 թվականի նոյեմբերից խմբավորումը գործող և նախկին զինվորականների, ոստիկանների է հավաքագրել, մարզումներ է կազմակերպել և զենք ձեռք բերել։
Հետաքննության տվյալներով, խմբավորման ենթադրյալ առաջնորդը՝ «Հենրիխ XIII Պ․ Ռ․»-ն, կապվել է նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ըստ պաշտոնական Բեռլինի, դավադրության մասնակիցները Ռուսաստանին առանցքային դաշնակից են համարել։ Արյդո՞ք Մոսկվան արձագանքել է կապեր հաստատելու այդ փորձերին՝ պարզ չէ․ Գերմանիայի իրավապահները նման տեղեկություններ չունեն։ Համենայն դեպս՝ որևէ ապացույցներ չի ներկայացվել։
ԳԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը անմիջապես հայտարարել է, որ որևէ առնչություն դավադրությանը չունի։
«Դա Գերմանիայի ներքին գործն է։ Իրե՛նք են արձանագրում, որ Ռուսաստանի կողմից որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ավելի ուշ ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Կրեմլի մամուլի քարտուղարը Ռուսաստանի առնչությունը բացառել է։
Գերմանիայի դատախազությունը պնդում է, որ դավադրության մասնակիցները պլանավորում էին գրոհել Բուդեսթագը, զինված հեղաշրջմամբ տապալել դեմոկրատական կառավարությունը։
«Սա կարող է անհավանական թվալ, բայց ոստիկանությունը որևէ կասկած չունի, որ ուլտրաաջ այս դավադրապաշտները ծայրաստիճան վտանգավոր էին», – մեկնաբանել է ԲիԲիՍիի թղթակից Ջենի Հիլը։
Խմբավորման մասնակիցները, ըստ հետաքննության, կիսում են Ռեյխսբյուրգեր (Ռեյխի քաղաքացիներ, Reichsbürger) և QAnon շարժումների գաղափարախոսությունը։
«Մեղադրյալներին միավորում է Գերմանիայի Դանշային Հանրապետության պետական ինստիտուտների և դեմոկրատական կառավարման ձևի խորը մերժումը», – հայտարարել է Դատախազությունը։
Ռեյխսբյուրգեր ընդհատակյա շարժումը մերժում է Գերմանիա դեմոկրատական պետությունը և հանդես է գալիս 1937 թվականի սահմանները վերականգնելու դիրքերից։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներն և որոշումները նրանք չեն ճանաչում։
QAnon ոչ ֆորմալ շարժման անդամները հայտնի են որպես «դավադրապաշտներ»․ նրանք համոզված են, որ դեմոկրատական բոլոր պետությունները կառավարվում են այսպես կոչված deep state-ի՝ «խորքային պետության» կողմից։
Գերմանիայի ռազմական հետախուզության խոսնակը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ ձերբակալվածներից մեկը հատուկ նշանակության ջոկատի գործող զինծառայող է, մի քանիսը նախկին զինվորականներ են։
Ինչ վերաբերում է խմբավորման այսպես կոչված առաջնորդին, գերմանական և համաշխարհային մամուլը՝ հիմնվելով պաշտոնական հաղորդագրության մեջ նշված անունի վրա՝ «Հենրիխ XIII Պ․Ռ․»-ն, գրում է, որ խոսքը 71-ամյա արքայազնի՝ ֆոն Ռոյս տոհմի ներկայացուցչի մասին է՝ դինաստիա, որն այս տարի իր 900-ամյակն է նշում և որը ժամանակին իշխել է ներկայիս Թյուրինգիայի և Սաքսոնիայի՝ արևելագերմանական հողերում։
Խմբավորման ռազմական թևը, պաշտոնական տվյալների համաձայն, ղեկավարվում էր մեկ այլ ազնվականի կողմից․ հաղորդագրությունում նա նշվում է որպես «Ռյուդիգեր ֆոն Պ․»։
(Նախկին) զինվորականներից և ազնվականներից բացի՝ դավադրությանը, ըստ իրավապահների, մասնակցել է նաև բեռլինյան դատավոր, աջ-պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախկին պատգամավորը։
Այսօր և վաղը դատարանները քննելու են նրանց կալանավորման հարցը։