Կառավարությունն առաջարկում է քրեորեն պատժելի արարքների շարքին դասել նաև ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունները կամ հրապարակային կոչերը:
Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով։
«Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները պատժվելու են ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։
Եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները, կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»,- ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Գործող օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում սահմանադրական կարգը տապալելու, տարածքային ամբողջականությունը (բռնի) խախտելու, նաև՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Այս շարքը այժմ համալրվելու է նաև ինքնիշխանությունից (բռնի) հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերը։
Հիմնավորմա մեջ նշվում է, թե հեղինակավոր միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության նպատակով խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը և պատասխանատվության սահմանումն ինքնին իրավաչափ է համարվում, եթե կարծիքի արտահայտումը (հրապարակային կոչը, ելույթը, հոդվածը և կարծիքի արտահայտման այլ ձևերը) ուղղված է բռնության հրահրմանը կամ նման սպառնալիք է պարունակում:
Համեմատական փորձի ուսումնասիրությունը, ըստ այս Հայաստանի արդարադատության նախարարության, ցույց է տալիս, որ «եվրոպական պետությունների քրեական օրենսգրքերում առանձին պատասխանատվություն է նախատեսված պետության ինքնիշխանության դեմ ուղղված բռնի գործողությունների և դրանց հրապարակային կոչերի համար»։
Նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով, նախագծի՝ դրական եզրակացություն ստանալու դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու
— ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործարելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմափակելուն ուղղված գործողությունները,
— նման գործողություններ կատարելուն ուղղված հրապարակային կոչերը։