11 տարի դադարից հետո տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Երկու երկրների պաշտպանության նախարարները և հետախուզական ծառայությունների ղեկավարները չորեքշաբի օրը ժամանել են Մոսկվա։
Օրվա ավարտին գրեթե միաժամանակ Թուրքիայի Anadolu, Սիրիայի SANA պաշտոնական գործակալությունները եւ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հանդես են եկել կարճ հաղորդագրություններով.թուրք և սիրիացի ուժայինները Ռուսաստանի կոլեգաների մասնակցությամբ քննարկել են սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղիները։
Դատելով պաշտոնական պռես-ռելիզներից, բանակցությունների հիմնական արդյունքը եռակողմ հանդիպումները շարունակելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն է։
«Մենք քննարկեցինք և գնահատեցինք այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Սիրիայում և ողջ տարածաշրջանում իրադրության շուտափույթ բարելավման համար։ Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծեցինք, որ Թուրքիան հարգում է իր հարևան բոլոր պետությունների, այդ թվում՝ Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը», – «Վնուկովո» օդանավակայանում տեսագրված կարճ հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերը (թուրք պաշտոնյաները նրանց «ահաբեկիչ» են անվանում) և «Իսլամական պետության» զինյալները «լուրջ վտանգ» են ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայի համար։ Անկարայի նպատակը, ըստ թուրք զինվորականի, «ահաբեկչության դեմ պայքարն է» և «Սիրիայից փախստականների նոր հոսքը դեպի Թուրքիա կանխելը»։
Սիրիայի պաշտոնական SANA գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվայում եռակողմ ձևաչափում շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել․ սիրիական կողմը Ռուսաստանում կայացած հանդիպումը «դրական» է որակել։
Վերջին անգամ Դամասկոսի և Անկարայի միջև նման շփումներ տեղի են ունեցել 2011 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբնական շրջանում։ Թուրքիայի հակամարտության մեջ ներքաշվելուց հետո (Անկարան աջակցում է Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին, Ռուսաստանը աջակցում է Ասադին) թուրք-սիարական շփումները փաստացի սառեցվել են։
Վերջին ամիսներին Թուրքիան ռմբակոծում է Սիրիայի հյուսիասյին (քրդաբնակ) շրջանները․ վերջին 30 տարիների ընթացքում սա ընդդեմ Քուրդիստանի Թուրքիայի հեղինակած արդեն 8-րդ «ռազմական օպերացիան» է։ Իրավիճակը էսկալացվել է նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Անկարայում խոսում են Սիրիայի ՝ Թուրքիային սահմանամերձ շրջանների երկայնքով 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու մտադրության մասին։
Նոյեմբերի վերջից թուրքական և արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Սիրիայում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունն իր վրա է վերցրել քրդերի և թուրքերի միջև միջնորդի դերը։ Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ին Աքարը հայտարարել է, որ բանակցում է Մոսկվայի հետ՝ փորձելով համոզել ռուսներին, որպեսզի նրանք հնարավորություն տան թուրքական օդանավերին մուտք գործել Սիրիայի օդային տարածք՝ քրդական ջոկատներին հարվածներ հասցնելու նպատակով: