ՊՆ նախկին շենքի բնակիչները այսօր բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում կազմակերպել իրենց հարցերը քննարկելու համար։
Շուրջ մեկ ժամ հետո Կառավարությունից պատասխանեցին, որ իրենց իրավասությունների շրջանակներում չեն բնակիչների հարցերը։
«Ասել են՝ թող մոտիկանան Սոցապից հարցերը ճշտեն, հիմա քանի որ մի քանի գերատեսչություն ա և էդ ամենը ղեկավարում ա Կառավարությունը, էստեղ Ոստիկանության հետ խնդիր կա, ՊԵԿ-ի հետ խնդիր կա ու Սոցապի հետ խնդիր կա։ Հիմա քանի որ մենք սենց ամեն օր ամեն մեկին չհարցնենք, շարունակում ենք ակցիան [Կառավարության մոտ] ու շարունակական ա լինելու, մինչև մեր հարցերի պատասխանները չստանանք», – ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Խնդիրն այն է, որ բնակիչները դիմել են Սոցապ նախարարություն, բայց վարձավճարների փոխհատուցման ծրագրի մասին հստակ պատասխան չեն ստացել։
«Ես գնացի Սոցապ նախարարության մասնաճյուղը տարածքային, ուզեցա դիմում գրեմ վարձավճարների փոխհատուցման, ինձ ասեցին՝ տենց հրաման դեռ չունենք։ Այնինչ, ոստիկանները ինձ տվել էին թուղթ, որ նախագիծ ա, իրանք ասում էին՝ հաստատված ա, բայց փաստորեն հաստատված չի, դիմումը չընդունեցին։
Զանգեցին Մարդու իրավունքների պաշտպանին, էնտեղից ասեցին, որ երկուշաբթի թող մի հատ թեժ գիծ մեր զանգեն, տեսնեն եթե հաստատված լինի, էդ դեպքում կարաք, եթե չէ՝ չէ։ Վերջ», – պատմում է բնակիչներից մեկը։
Սոցապ նախարարության մամուլի քարտուղարը Epress.am-ի հետ զրույցում դեռևս փետրվարի 20-ին հրաժարվել էր մեկնաբանել բնակիչներին տրամադրվող կացարանների պայմանները՝ պատճառաբանելով, որ դրանք Պետգույքի հանրակացարանային սենյակներն են։
Հարցին, թե ինչու չի փաստաթղթավորվում բնակիչների կեցությունը հանրակացարաններում, մամուլի խոսնակը պատասխանել էր, որ դա որպես ժամանակավոր գիշերակացի տարբերակ է առաջարկվում․ նախարարությունը վարձավճարի փոխհատուցման ծրագիր է մշակում, որը նույնպես լինելու է ժամանակավոր։
Բնակիչները խոստանում են դիմել միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, եթե իրենց խնդիրներին լուծում չտրվի։
«Մենք ժամանակավոր լուծում չենք ընդունում», – ընդգծում է բնակիչներից մեկը և հավելում․ «Չի՛ կարելի անընդհատ ոտնահարել ժողովրդին օլիգարխատի խաթր»:
Տես նաև՝
Ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են հանում բնակիչների իրերը
ՊՆ նախկին շենքի բնակիչները դեռ փողոցում են ապրում
Պետությունն ընդդեմ օջախների․ խոսում են ՊՆ նախկին շենքի բնակիչները
ՊՆ նախկին շենքում հակամարդկային օպերացիա է, լրագրողներին ներս չեն թողնում