Մարտի լույս 13-ի գիշերը Հրազդանի Վանատուր թաղամասում ոստիկանները կրակ են արձակել Կոտայքի մարզի 45-ամյա բնակչի վրա․ տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանությունը հաղորդել է, թե սպանվածը կասկածվում էր գողության մեջ, նա «կացնով սպառնացել է» ոստիկաններին, վերջիններս էլ «հարձակումը կանխելու և իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար» հրազեն են կիրառել։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն պարզաբանել է՝ մարտի 13-ին, ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք մտել են նրա տուն:
«Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։
Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին: Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։
Տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք», – գրել է Քննչական կոմիտեն։
Տղամարդը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, ծնված 1977թ․, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Դեպքի առթիվ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։