Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի նախկին աշխատակիցը պատմում է, թե ինչպես են իրեն ապօրինաբար հեռացրել աշխատանքից, արատավորելով համբավը, խանգարել նոր աշխատանքի անցնել և, օգտվելով միջազգային կազմակերպության անձեռնմխելիությունից, փորձում կոծկել գործը դատարանում։ 33-ամյա Արամ Փանոսյանը պահանջում է վերականգնել իրեն որպես Գորիսի տարածքային ներկայացուցիչ և վճարել հարկադիր պարապուրդի գումար։
Արամը հեռացվել է աշխատանքից 2023թ. մայիսի 31-ին՝ ԿԽՄԿ-ի մեքենայով բլոկադայի ժամանակ Լեռնային Ղարաբաղ հիգիենիկ պարագաներ ուղարկելու համար։
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ առաջին ու վերջին նիստը։ Կարմիր Խաչի փաստաբան Ներսես Աղաբաբյանը ընդդիմացավ նիստի տեսալուսաբանմանը, իսկ հայցվորի ելույթներին, փաստարկներին, աշխատանքային օրենքի խախտման վկայություններին հրաժարվեց պատասխաններ տալ։ Նա միայն միջնորդեց, որ գործը պետք է կարճվի, քանի որ, ըստ 2011 թվականի համաձայնագրի, Կարմիր խաչը Հայաստանում ունի «դատական և վարչական անձեռնմխելիություն»։
Արամ Փանոսյանի աշխատանքային պայմանագրում այս նյուանսը նշված չի եղել։ Նրա ներկայացուցիչ Ասյա Օվանյանը դատարանում հարցրեց. «Արդյո՞ք չի կարելի ենթադրել, որ ԿԽՄԿ-ն, գիտակցելով, որ օգտվում է դատական իմունիտետից, չի մոլորեցնում ՀՀ քաղաքացուն՝ աշխատանքային պայմանագրում նշելով, որ այն կնքվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ վեճի դեպքում բարձրացնում է իր դատական իմունիտետի հարցը՝ հայտնվելով արտոնյալ դիրքում»։
Ըստ Օվանյանի՝ արտոնյալ դիրքի մասին իմանալն է պատճառը, որ ԿԽՄԿ-ի հայաստանյան գործատուները Արամ Փանոսյանի հեռացումը կազմակերպել են բավականին արագ ու խախտումներով։ Իմանալով, որ դրանց համար պատասխանատվություն չի լինելու, կայացվել է հեռացման երկու հրաման։ Մեկի հիմքը՝ Արամի աշխատանքից դուրս գալու դիմումն է, որը նա չի ստորագրել և չի լրացրել։ Մյուս հրամանի հիմքում նշված է, որ աշխատակիցը թույլ է տվել «ներքին կանոնակարգի լուրջ խախտումներ». այն է՝ խախտել է կանոնակարգի 3 կետը, ըստ որի «աշխակիցը պետք է բնութագրվի ազնվությամբ, հարգանքով և հավատարմությանբ ԿԽՄԿ-ի շահերին և չպետք է վնաս կազմակերպության հեղինակությունը»։ Նշվել է նաև, որ Արամը խարդախություն է արել, սակայն ԿԽՄԿ-ն չի էլ փորձել խարդապության համար դիմել քրեական դատարան։ Ավելին՝ նրան բացատրագիր գրել չեն խնդրել, նկատողություն չեն արել։
ԿԽՄԿ-ի փաստաբանը անդրդվելի էր և չէր ուզում մտնել մանրամասների մեջ։ «Վարույթը կարճելու միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկվել է ամենաբարձր ղեկավարության մակարդակում և որոշումը ընդունվել է Կարմիր Խաչի գործադիր տնօրեն Ռոբերտ Մալդիի կողմից», – ասաց նա, ընդունելով, որ ԿԽՄԿ-ի «ավելի ցածր մակարդակում»՝ բողոքարկման հանձնաժողովում, Արամ Փանոսյանի դիմումը ընդունվել էր և խորհուրդ էր տրվել հայկական պատվիրակությանը վերականգնել նրա աշխատանքը։
Կարմիր խաչի ներկայացուցիչ Ներսես Աղաբաբյանը նաև նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ևս անթույլատրելի է համարում, որ միջազգային կազմակերպությունները ենթարկվեն ներպետական աշխատանքային իրավունքի նորմերին։ Անհատների դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել օգուտ միջազգային կազմակերպության եթե կա լեգիտիմ նպատակ։
«Այս դեպքում լեգիտիմ նպատակն է կազմակերպությաւն ինքնուրույն, ինքնավար գործունեություն ապահովելը և միջազգային համագործակցություն խրախուսելը»,- ասել է նա։
Արամ Փանոսյանն իր վերջին խոսքում ասաց. «Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և մենք պայմանավորվել ենք իրար հետ փոխհարաբերվել համաձայն օրենքների։ Հիմա ստեղ նստած է իմ նախկին կոլեգան, որի հետ նույն բանը կարող է տեղի ունենալ վաղը։ Ինչ-որ միջանձնային հարաբերություններից մարդը կարող է մյուսին ասել, որ ես ինչ ուզեմ կարող եմ անել»։
Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 22-ին։