«Վանաձորի» բանտում պահվող կալանավորներ՝ 27-ամյա Ալիկ Հարությունյանը և 28-ամյա Արտյոմ Ղազարյանն ի նշան բողոքի մետաղյա առարկաներ՝ բոլտեր ու գայկաներ են կուլ տվել։ Epress.am-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հաստատել են՝ կալանավորները հայտնել են ինքնավնասման մասին և անմիջապես տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։
Ալիկ Հարությունյանը և Արտյոմ Ղազարյանը հացադուլավորների համար նախատեսված սենյակում էին պահվում։ Նրանք բուժօգնություն են ստացել և վերադարձել «Վանաձոր» ՔԿՀ։ Հարությունյանը շարունակում է հունիսի 6-ից, իսկ Ղազարյանը՝ հունիսի 17-ից սկսած հացադուլը։
Նրանց առողջական վիճակի մասին Քրեակատարողական ծառայությունը մանրամասներ չի հաղորդում։
Գերատեսչության փոխանցմամբ՝ կալանավորները հացադուլով և ինքնավնասմամբ բողոքում էին իրենց քրեական գործերով դատական խախտումների դեմ։