Տեղեկանալով H2020-MSCA-RISE-2016 դրամաշնորհի շրջանակում “KEAC-734645” նախագծի գիտահետազոտական ծախսերի համար նախատեսված բյուջեի՝ Մատենադարան փոխանցման մասին՝ սույն թվականի մարտ ամսից ի վեր՝ դիմել եմ նախ Մատենադարանի տնօրենությանը, ապա՝ օրենսդիր, գործադիր և իրավապահ մարմիններին՝ խնդրելով ապահովել դրամաշնորհային միջոցների տրամադրումը՝ համաձայն դրամաշնորհի և կոնսորցիում պայմանագրերի։ Դիմումներս կամ մնացել են անարձագանք, կամ դրանց տրվել են խուսափողական պատասխաններ։ Տակավին վերջերս սեղմ մամուլի հաղորդագրություն եմ տարածել, որտեղ նշված է հայտարարության առիթը։ Կաբինետային պատերից խնդրի դուրսբերումից խիստ անհանգստացած Մատենադարանի տնօրենը սկսում է հանդիպումների շարք այս թեմայի շուրջ, կիսվում տարաբնույթ դատողություններով և ուղերձներով։ Չբավարարվելով դրանով՝ օրեր առաջ Մատենադարանի հանրային կապերի բաժնից մի շրջաբերական նամակ է ուղարկում Մատենադարանի աշխատակիցներին, որտեղ հայտնում է, որ ինձ դատի է տվել մամուլում տարածած «ապատեղեկատվության և զրպարտությունների» համար և նույն ճակատագիրը սպասվում է նմանաբնույթ հայտարարություննեորվ հանդես եկող բոլորին։ Սրանից մի քանի օր անց ստացել եմ նամակ ԴԱՀԿ-ից՝ առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կատարողական թերթի համաձայն՝ 1,500,000 դրամի չափով արգելանք է դրվել ինձ պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Ենթադրում եմ, որ արգելանքը կապված է տնօրենի հայցադիմումի հետ։ Գրությանս այս մասի վերաբերյալ դատողությունները թողնում եմ մասնագիտական և լայն հանրությանը։ Ստորև նախընտրում եմ գրառում անել այլ թեմայով։
Սա Հորիզոն 2020 ծրագրին Մատենադարանի՝ որպես ինստիտուտի միակ հայտն է, որի թե՛ տեսական, թե՛ գործնական մասը կազմել եմ ինքս. մասնակցության հրավերը ստացել եմ եվրոպական մի շարք համալսարանների գործընկերներիցս, ում հետ աշխատել եմ FP7- project “MemoryROW” (2012-2016)-ում։ Որևէ նյութական կամ մասնագիտական սատարում Մատենադարանի վարչակազմից չի եղել դրամաշնորհային հայտի նախապատրաստման համար։ Այսպիսով, անհերքելի է, որ թե՛ իմ հրապարակային ելույթները, թե՛ երկու հայցադիմումներս՝ մեկը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի հակակոռուպցիոն, մյուսը՝ ընդհանուր իրավասության դատարաններ բավարար ապացուցողական հիմք ունեն այս նախագծի թե՛ իմ համակարգման և մասնակցության և թե՛ դրամաշնորհային միջոցների բաշխման պահանջների վերաբերյալ։ Բայց ենթադրենք, թե իսկապես փոխանցված ծրագրային դրամաշնորհը տրվել է Մատենադարանի տնօրենին, իր ասած, «ազատ տնօրինման», որը, ըստ պաշտոնական վարկածի, հիմնականում բաժանվել է որպես պարգևավճար, փոքր մասը ծախսվել է ձեռագրերի, գույքի գնման, օտարալեզու պարբերականի և օնլայն շտեմարանի համար։ Ո՞րն է Մատենադարանի ղեկավարության՝ դատարան դիմելու շարժառիթը։ Արդյոք ուզում են կլորացնել արդեն իսկ սեփական հայեցողությամբ տնօրինած գումարի չափը և դրա համար հավելյալ գումար են պահանջում, թե՞ այլ ենթատեքստ կա այս ամենում։
Առաջինը՝ աչքովս ընկած մամուլի հրապարակումներից հասկանում եմ, որ Մատենադարանը մասն է պետական տնտեսական քաղաքականության, այն է՝ Մատենադարան ուղղորդել սերվիսից, ֆինանսական սպեկուլյացիաներից գոյացած թեթև փողեր և ներդրումներ։ Օրինակ՝ այս առումով հետաքրքիր էր Հայաստանի հայտնի բուքմեյքերներից մեկին Մատենադարանի մեդալ շնորհելը ձեռագիր նվիրելու համար։ Սրանում արտառոց բան չկա։ Արտառոցն այն է, որ Մատենադարան մտած կապիտալ ներդրումները տարբեր վերաբերմունքի կարող են արժանանալ։ Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ է բուքմեյքերն արժանանում պատվի և շնորհակալության, իսկ գիտաշխատողները՝ դատարան ընկնում կամ հայտնվում դրա սպառնալիքի առաջ։
Երկրորդը՝ Երրորդ հանրապետության առանցքային գաղափարախոսություններից մեկը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունն էր։ Ինչպես բոլորիս ցավալիորեն հայտնի է, այս եռամիասնության մեջ Արցախին բաժին ընկավ շատ ողբերգական ճակատագիր։ Այս շղթայում մնացած Հայաստան-Սփյուռքը նույնպես, դատելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումներից, լրջագույն մարտահրավերների են բախվում որպես զույգ և նրանց ապագան խիստ կասկածելի է։ Սակայն ճիգեր, այնուամենայնիվ, արվում են դրա կենսունակությունն ի ցույց դնելու, և դատելով Անդրեասյան-Խզմալյան զույգի նկրտումներից՝ փորձ է արվում Մատենադարանը սիմվոլիկացնել և դարձնել իշխանության այս և ուրիշ քաղաքականությունների ցուցադրության տարածք։ Այս տեսակետից հատկապես Ժաննա Անդրեասյանին խորհուրդ եմ տալիս կարդալու Թ. Միտչելի «Գաղութացնելով Եգիպտոսը» գիրքը, որը կօգնի նրան վերանայել Միշել Ֆուկոյի իր ընթերցումը. Միտչելը զարգացնում և քննադատորեն վերլուծում է իշխանության կողմից տարածքի յուրացման և գաղութացման պրակտիկաները։ Նա, մասնավորապես, ցույց է տալիս, թե ինչպես են տարածքները յուրացվում և վերածվում ցուցադրության վայրերի, որտեղ գործունեությունը կազմակերպված է և գտնվում է վերահսկողության տակ՝ վիժեցնելով բոլոր հնարավոր անվերահսկելի սոցիալական շարժումներն ու տարածքները։
Որպես Հայաստանի քաղաքացի և գործող հետազոտող՝ ուզում եմ բարձրացնել հետևյալ հարցը։ Դասական տնտեսագիտության այբուբենն իսկ ասում է, որ փողը կապիտալ չէ, այն միջոց է պայմանավորվելու կապիտալի շուրջ։ Բուն կապիտալ են հանդիսանում մարդը և ապրանքը։ Այսպիսով, Մատենադարանի շենքը, գույքը, ձեռագիր ու տպագիր նյութերը նյութական արժեքներ են նախ և ունեն որոշակի գին։ Կապիտալի մյուս տեսակը աշխատուժն է՝ մարդը և նրա արտադրած ապրանքը։ Հայտնի է, որ գիտելիքը տնտեսության ամենից թանկ ապրանքներից մեկն է աշխարհում, որի արտադրամասեր են համալսարանները, ինստիտուտները և այլն։ Գիտելիքի արտադրության մրցավազքում ամեն տարի ստեղծվում են լավագույն ինստիտուտների ցուցակներ… Թեև Մատենադարանի որոշ աշխատողներ բավականին հետևողական են և հաջողված ընդգրկվելու իրենց մասնագիտական հետաքրքրություններին առնչվող մեծ համքարությունների մեջ, Մատենադարանում տարվող քաղաքականությունները շատ ժամանակ պատշաճ պայմաններ չեն ստեղծում բարձրորակ գիտելիքի արտադրության համար, այլ հակառակը՝ գիտական աշխատուժը բարոյալքելու և փչացնելու լրջագույն միտումներ են նկատվում։ Այս դրամաշնորհի պատմությունը և այլ դեպքերի ուսումնասիրությունը գալիս են ապացուցելու ասածս։ Իշխանության մոլուցքը՝ սոցիալական շարժման, աշխատանքի, գիտելիքի արտադրության հնարավորություն ունեցող տարածությունը վերածելու ցուցադրավայրի, վերջինիս սարքում է կախված թեթև փողից, ավելի շուտ՝ դրա փշրանքներից։ Ավելին՝ այն դառնում է անհանդուրժող իր վերահսկելիությունից դուրս և դրան չենթարկվող սոցիալական անհատների և խմբերի արտադրական կամ ստեղծագործական պրակտիկաներին, որովհետև վախենում է կորցնել իշխանությունը, որից անդին ոչինչ չունի։
Ես ունեմ արդարության զգացում, բայց հիվանդագին կառչած չեմ արդարադատության գաղափարից։ Այս նախադեպի շուրջ ինչպես իմ անձնական մտորումները, այնպես էլ հանրային դիտարկումները, սակայն, կարևոր եմ համարում հայաստանյան դեմոկրատիայի բնույթը, վերջինիս տեղը և առնչությունները գերտերությունների քաղաքական պրակտիկաներում ճշտորոշելու տեսակետից, որտեղ առանցքային են Հայաստանի քաղաքացու հանդեպ տարվող քաղաքականությունների նպատակները։
Այս պահին մի հարց կա, որ ինձ հուզում է և հնչեցրել են ինձնից առաջ։ Ես միայն երկրորդում եմ այն՝ կարո՞ղ է հայաստանցի գիտաշխատողը խոսել։
Գայանե Այվազյան1
medium
Հուլիսի 31, 2024 թվական
1 Գայանե Այվազյանը պատմաբան է՝ պատմական գիտությունների թեկնածու, H2020-GA-734645-KEAC-BSR նախագծի ազգային համակարգող, Մատենադարանի ավագ գիտաշխատող (մինչև 2021-ի նոյեմբեր), Մատենադարանի արհմիության նախկին նախագագահ, փիլիսոփայության դոկտորի թեկնածու
տե՛ս Ինչպես է Մատենադարանի ղեկավարությունը գրպանել գիտնականների դրամաշնորհը